Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/304

Այս էջը հաստատված է

ես ենթադրեցի, որ դա հենց այդ անձնավորությունը պետք է լինի։

Կալանավոր էր, դատված վատնումի համար, գնում էր դրսի աշխատանքի և շատ քիչ էր երևում Ուղղիչ Տանը։ Թե ինչպե՞ս էր տեղի ունեցել նրա վատնումը՝ ես այնպես էլ չիմացա, սակայն Ուղղիչ Տուն ընկնելուց հետո նա բավականին աշխատել էր այդ տան համար և այժմ պատրաստել էր Ուղղիչ Տան բակում կառուցվելիք նոր արհեստանոցների հատակագիծը, որը և բաց արեց նա, ու մենք սկսեցինք նայել։

Դա կապտավուն, կարծես մի փոքր յուղոտ, հատկապես այդ նպատակի համար գործածվող, մագաղաթանման մի թուղթ էր, որի վրա նկարված էր արհեստանոցների հատակագիծը և ֆասադը։ Սև մելանով գծած, կողք–կողքի, երկարավուն քառանկյունիներ, յուրաքանչյուրի մեջ երկու պատուհան և մի դուռ, ու այդ ամենի վերևը՝ բարակ ժապավենի նման՝ կտուրը։

Հարկավոր էր տեսնել Ուղղիչ Տան պետի աչքերը այն վայրկյանին, երբ Նիկոլաևը բաց արեց այդ կապույտ մագաղաթը և տվեց նրան նայելու․․․ Ես շատ եմ տեսել մարդկանց՝ նրանց ուրախության ու տխրության պահերին, բայց նման անմիջական, լիաթոք, համարյա մանկական ուրախություն, որ փռվում է մարդու ամբողջ դեմքի վյրա — ես տեսնում էի առաջին անգամ։

— Տեսե՛ք, է՛,— բացագանչեց Ուղղիչ Տան պետը՝ մատը դնելով ապագա արհեստանոցների կտուրին, — էս մեր արհեստանոցներն են լինելու․․․ Պատկե՛րք է, կատարյա՛լ պատկերք․․․