Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/307

Այս էջը հաստատված է

— Է՛լ կա, ամենքին էլ կցուցակագրեմ: Մենակ դու շտապի քանի թեզ ա՝ հիմքը գցենք։ Մաղարիչը քեզանից...

— Թխի՛ գա։

Եվ Ուղղիչ Տան պետ ու կալանավոր ձեռքերը իրար խփեցին՝ հանուն այն ապագա արհեստանոցների, որոնց հատակագիծը նկարել էր մի այլ կալանավոր՝ Նիկոլաևը։

— Դե հիմա գնանք վերջնականապես տեղը որոշելու,— ասաց պետը և վեր կացավ տեղից՝ ձեռին Նիկոլաևի հատակագիծը։ Ես, նա, Բենիկը և Նիկոլաևը դուրս եկանք գրասենյակից և մտանք հիվանդանոցի բակը։

Հիվանդանոցից դեպի ձախ՝ մինչև պատը ընկած էր մի ընդարձակ բաց տարածություն։ Ուղղիչ Տան պետը ցույց տվեց այդ տարածությունը:

— Ուզում ենք կամ էստեղ շինենք, կամ քրեական կորպուսի բակում։ Իմ կարծիքով էստեղ ավելի է հարմար, քանի որ անգործ կալանավորները էստեղ չեն խանգարի։ Իսկ էնտեղ կխանգարեն:

Գնացինք և քրեական կորպուսի բակը։ Ընդհանուրի կարծիքն այն էր, որ ավելի հարմար է հիվանդանոցի բակում։ Այդպես էլ որոշվեց, և Ուղղիչ Տան պետը մի անգամ ևս հրահանգելով Բենիկին, որպեսզի նա անմիջապես անցնի վարպետների և աշխատավորների ցուցակագրությանը՝ թողեց մեզ այդտեղ և ինքը գնաց գրասենյակ՝ ընթացիկ գործերով զբաղվելու։ Նրա ետևից, իր նախագիծը ձեռին, գնաց և Նիկոլաևը։ Ես և Բենիկը, որին ես, չգիտեմ ինչու, հենց առաջին անգամից սկսեցի «Բենժամեն» անվանել, մնացինք մենակ: