Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/308

Այս էջը հաստատված է

— Դե՛, ո՞նց ես, Բենժամե՛ն, պատմի՛ր տեսնենք..., Ո՞նց եղավ, ո՞նց մահվան դատապարտվեցիր և ո՞նց իմացար ներման լուրը...

— Էհ, ի՛նչ պատմեմ,— ասաց նա մի կողմ նայելով և, կարծես բնազդաբար, հանեց գլխարկը։ Նայեցի՝ այդ 24 տարեկան երիտասարդի մազերը տեղ-տեղ սպիտակել էին, ինչպես 50 տարեկանի մազեր...

Ապա նա պատմեց իր յոթնօրյա սպասումի պատմությունը, և դա, այդ պատմությունը, տխուր էր, ինչպես տխուր էին այդ վայրկյանին իրա՝ Բենժամենի աչքերը։ Մահվան դատավճռից հետո յոթ օր նա սպասել էր իմ «մեկուսացման սենյակի» դիմացը գտնվող մի այլ «մեկուսացման սենյակում» և այնքա՛ն էր ընտելացել այն մտքին, որ իրեն ահա-ահա տանելու են գնդակահարելու, այնքա՛ն էր ընտելացել, որ երբ եկել ու հայտնել են նրան, որ պատժի առավելագույն չափը փոխարինված է տասը տարվա կալանքով, նա,— երևակայո՞ւմ եք,— տխրել էր, կամ, ինչպես ինքն էր ասում, «տխրվել»։

— Ե՛ս մեռնեմ՝ տխրվեցի,— ասում էր Բենժամենը՝ միշտ մի կողմ նայելով, խուսափելով իմ հայացքից— հե՛նչափ տխրվեցի, որ էլ ասելու չի՛...

Եվ երբ մի վայրկյան ես բռնեցի նրա հայացքը՝ նրա աչքերում իրոք որ տխրություն կար, մահ տեսած աչքերի մշուշոտ տխրություն... Խե՜ղճ Բենժամեն։

Մինչ այդպես, քրեական կորպուսի բակում կանգնած, Բենժամենը պատմում էր ինձ իր տխուր պատմությունը՝ ես ուշի-ուշով նայում էի բակում անցնող-դարձող կալանավորներին։ Պատկերը