Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/309

Այս էջը սրբագրված է

կրկին նույնն էր, ինչ որ իմ աոաջին այցելության ժամանակ։ Կալանավորների մեծ մասը գյուղացիներ էին, ապա՝ լյումպեններ, և ապա՝ ինչպես ասում էին կալանավորները՝ «ինտելիգենտներ»։ Այս վերջինները թվով ամենից քիչն էին, կային և մի-երկու նախկին զինվորականներ։ Նորից, ինչպես և առաջին այցելությանս ժամանակ, բոլորն անխտիր անցնելիս նայում էին ինձ, կարծես զննում էին ինձ աչքերով, հայացքներով փորձում։ Այնինչ Բենժամենին նայում էին ընտանեվարի ժպիտով, մեկ-մեկ որևէ միջանկյալ խոսք էին ասում, կամ ընկերաբար խփում նրա ուսին և աչքով անում,— մի հանգամանք, որ այնքան էչ չէր կարող ինձ անտարբեր թողնել... «Երևի ինձ են հեգնում, որպես նորեկի»— մտածում էի ես և ինձ մի փոքր նվաստացած զգում Բենժամենի առջև։ Ամեն տեղ ընդհանրապես կասկածոտ է լինում նորեկի հոգեբանությունը, սակայն կալանավորների աշխարհում այդ կասկածոտությունը հասնում է գերազանց չափերի և ստանում մի ուրույն, աննկարագրելի բնույթ։ Այստեղ դա ոչ միայն կասկածոտություն է, այլև բնազդական զգացմունք, որ այս փակված մարդկանց անհրապույր աշխարհը դժկամ ու անսիրալիր է ընդունում յուրաքանչյուր նորեկի, թաքուն, տարերային թշնամանքով ու նսեմացնող հեգնանքով։ Թվում է, թե հակառակը պետք է լիներ.— գալիս եք այսպես թե այնպես, մի բախտակից, մի դժբախտության ընկեր, որին նույն դառը բախտն է վիճակված, ինչ որ իրենց։ Կյանքի բոլոր այլ պայմաններում նորեկ բախտակիցն ընդունվում է եթե ոչ լիակատար հարգանքով, գոնե ոչ համառ, տարերային