Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/31

Այս էջը հաստատված է

պաշտոնյաներ. գավառապետը, օգնականը, գինվորական ատյանի պետը, Գեներալ Ալոշը, Մազութի Համոյի հայրը՝ Առաքել աղան— ո՞րը հիշես... Չնայած, սակայն, նրան, որ այդ զարմ անահիշատակ օրվանից քսան֊ քսաներկու տարի է անցել, չնայած, ասում ենք, այդ երկար ու ձիգ քսան֊ քսաներկու տարիներին— մինչև օրս էլ կան այդ քաղաքում շատ և շատ պատկառելի ու անպատկառ նայիրցիներ, որոնք, երևակայո՞ւմ եք, ոչ միայն գնացք չեն նստել, այլև նայում են շոգեկառքին, որպես մի զարմանալի հրաշքի։ Օրինակ, քաղաքում ամենին հայտնի դագաղագործ Մեռելի Ենոքին մինչև օրս էլ զարմանալի է թվում, թե էդ ինչպե՞ս են մարդիկ, անշունչ երկաթների վրայով, անձի–անգոմեշ վագոնների մեջ նստած՝ տեղից֊տեղ ճանապարհվում։ Դեռ մինչև օրս էլ կիրակի օրերը շատ անգամ կարելի է հանդիպել երկու պատկառելի նայիրցիների, որոնք կիրակնօրյա պտույտի ելած (երկաթուղու կայարանը քաղաքային այգուց հետո երկրորդ զբոսավայրն է նայիրյան այդ քաղաքում) — կանգնել են երկաթուղագծի առաջ և զբաղված են այսպիսի մի զրույցով.

— Էս տնաքանդը տես մի ինչեր արաց... — ասում է մեկը, ոտքով ծուլորեն խփելով երկաթուղագծին և յուղոտ մի ժպիտ երեսին՝ լսելով երկաթուղագծի ախորժ զնգոցը։

— Էսպես որ նստիս— տեյի ո՞ւր կերթաս... «Ուր օր կուզես», — պատասխանում է մյուսը:

— Մոսկով կերթա՞ս։

«Հըլբըթ կերթաս»։

— Կի՞վ...

«Կիվ էլ կերթաս...»։