Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/310

Այս էջը սրբագրված է

դժկամությամբ ու թշնամանքով։ Այդպես չէ սակայն կալանավորների աշխարհում։ Ես միանգամայն համոզված կարող եմ ասել — հետագայում ես բազմիցս առիթներ ունեցա այս բանում միանգամայն համոզվելու — որ մարդկային ո՛չ մի այլ հասարակություն, ո՛չ մի այլ կոլեկտիվ այնքան անվստահությամբ ու տարերային թշնամանքով չի ընդունում իր մեջ որևէ նորեկի, որքան կալանավորների աշխարհը։ Յուրաքանչյուր նորեկ կալանավորների կողմից ամենից առաջ արժանանում է ծաղրի ու հեգնանքի — և, ես կասեի՝ ոխակալ հեգնանքի: Կարծես այդ հեգնանքն ու ծաղրը ասում են նորեկին.— Հը, ի՞նչ էիր կարծում՝ մեզանից լա՞վ ես, էսպես տեղ չե՞ս ընկնի... Քանիցս ես ներկա եմ եղել, երբ կամերա է մտել որևէ նորեկ։ Համարյա միշտ ընդունել են նրան խայթող, ոչնչացնող, հրող քրքիջով։— Իհարկե, սա ես ասում եմ ընդհանուր առումով. պատահում են և կալանավորներ, որ սկզբից ևեթ հարգանք են ներշնչում դեպի իրենց, սակայն այսպիսիները բացառություն են կազմում։ Շատերի վերաբերմամբ հեգնանքը, կամ ծաղրը, իհարկե, չի կարող այնպիսի բացարձակ բնույթ կրել, ինչպես ասացինք վերևը։ Սակայն այս կամ այն ձևով կալանավորների այդ վերաբերմունքը գտնում էր իր արտահայտությունը, իսկ ինչ վերաբերում է դժկամ անվստահության՝ սա արդեն ընդհանուր օրենք է, որ, իմ կարծիքով, չի վերցնում և ոչ մի բացառություն: Դեռ նոր էր ինձ համար այդ շրջապատը և դեռ անծանոթ էին ինձ մարդիկ, և նրանք, ում ես հետագայում ճանաչեցի ու ընտելացա և անգամ սիրեցի շատերին, որպես հասարակ մարդկանց ու լավ