Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/311

Այս էջը սրբագրված է

ընկերների — սկզբում ընդունում էին ինձ զսպված. փակ անվստահությամբ, որը թեկուզ ամեն կերպ աշխատում էին թաքցնել, բայց երևում էր ամեն ինչից, անգամ նրանց ժպտալու ու նայելու եղանակից։ Ինձ հետ համեմատած՝ արդեն բավականին ստաժավոր կալանավոր էր Բենժամենը։ Համարյա բոլորին ճանաչելուց բացի՝ գիտեր նաև, թե ո՛րը ինչ գործով է դատված։ Ուստի սկզբից ևեթ ես որոշեցի օգտվել նրանից, իբրև չիչերոնեից, և ստանալ ինձ այնքան հետաքրքրող այդ մարդկանց մասին սկզբնական, թռուցիկ տեղեկություններ։

Հիշում եմ՝ հենց որ անցնում էր մեկը՝ ես նախ մտքիս մեջ ըստ նրա արտաքինի, կամ դեմքի արտահայտության, փորձում էի որոշել նրա հանցագործության տեսակը և ապա հարցնում էի Բենժամենին,— և միշտ սխալվում էի ու չարաչար սխալվում։ Եվ միայն այդտեղ ես հասկացա, որ մարդկային դեմքը շատ անհույս հայելի է՝ մարդկային բնավորոլթյունը և ներքին աշխարհը ճանաչելու համար։ Մանավանդ ա՛յդ աշխարհում. ուր կան հոգեբանական զարմանալի օրենքներ, տարօրինակ օրենքներ։ Օրինակ, առաջին հերթին հենց այն զարմանալի օրենքը, որի մասին ես արդեն հիշատակել եմ նախորդ գլխում։—

Համարյա միշտ ամենածանր սպանություններ կատարած մարդիկ դուրս էին գալիս նրանք, որոնց դեմքի վրա կարելի էր կարդալ միմիայն... ամենասուրբ անմեղություն։ Նայում ես՝ ըստ արտաքինի, դեմքով ու խոսելաձևով, խեղճ, անմեղ, անշառ մարդու տպավորություն է թողնում։ Հարցնում ես ինչի՞ համար է բռնված.