Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/312

Այս էջը սրբագրված է

— Սպանությա՛ն։ Սպանել է ու թալանել։

Նրանցից շատ-շատերը նույնիսկ քաշվում էին մարդու հետ խոսելիս։ Հետագայում ես տեսա մեկին, որը երեք սպանություն էր կատարել սպանություններից հետո միանգամայն անվրդով կերպով եկել էր ու լվացել բուլվարում իր արյունոտ ձեռքերը, բայց ինձ հետ խոսելիս կարմրում էր, ինչպես ամոթխած աղջիկ...

Մենք Բենժամենի հետ կանգնած զրույց էինք անում կալանավորների մասին։ երբ մեզ մոտեցավ երեսունին մոտիկ, սև սատինե շապիկ հագած, միջահասակ, վտիտ, գյուղական դեմքով, բայց կարտուզ դրած մի կալանավոր։

— Կալիդորներ լավ հիստկեցինք, մնաց հայաթ,— ասաց նա Բենժամենին և ժպտաց։

— Ծանոթացի՛ր,— ներկայացրեց նրան Բենժամենը.— մեր Լազգին է, սանիտարական սեկցիայի նախագահի օգնականը։

Ես սեղմեցի Լազգու ձեռքը, և նրա դեմքը բավականությունից վարդի տեսք ընդունեց։

— Ինչո՞ւ համար ես բռնված։

— Հե՜չ։ Չնչի՛ն բանի։

— Ո՞նց թե չնչին բանի։

— Բյա հի՞նչ։ Մե՛ կնկա խամար։ Պոռնիկ կնկա խամար։

— Ի՞նչ արիր որ...

— Հե՜չ։ Գլուխը կտրի դրի ոտքերու արանք։ Հարբած ի։ Բռնին բերին։

— Բա դա հե՞չ է, որ ասում ես «հեչ»։

— Բյա հի՞նչ։ Կնիկն հի՞նչ ա՝ կնկա խամար բռնեն՝ թալեն Ուղղիչ Տուն։ Աշխարք հենքա՜ն կնիկ կա... Շնի՛ց շատ։