Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/314

Այս էջը սրբագրված է

— «Վա՚յ֊վա՛յ, նագա՛-նրս,

հի՛մ օգ-նա՛կանըս,

յո՛թ կը-րա՛կանըս,

հի՛մ պա-խա՛պանըս,

վա՛յ-վայ, նագա՛ն ջան,

վո՛ւյ֊վո՛ւյ, նագա՛ն ջան…»։

Ես քեզ չեմ մոռանա, Լազգի՛։


V. ԿՈԻԼՏ-ԲԱԺՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՍՐԱՀԸ, ԶԱՐՄԱՆԱԼԻ ՀԱՄՈՆ, ԵՖԻՄ ԲՐԱվԵԼՄԱՆԻ ԱՉՔԵՐԸ ԵՎ - «ԲՆՈՒԹՅՈԻՆԸ ԱՄԵՆ ՏԵՂ ԲՆՈԻԹՅՈԻՆ է, ԸՆԿԵՐ ԲԵԼՈԳՈՒՐՈՎ»

Այդ օրը ես և Բենժամենը միասին գնացինք նայելու Ուղղիչ Տան կուլտ-բաժինը, և ես այնտեղից վերադարձա բավականին ոգևորված։

Քրեական կորպուսի մուտքից դեպի աջ և ձախ ձգվում է միջանցքը, որի երկայնքին գտնվում են կամերաները։ Նախ մենք մտանք աջ կողմում գտնվող առաջին կամերան. կամերայում ոչ ոք չկար։ Հարց տվի այդ մասին Բենժամենին։

— Գնացել են աշխատանքի։ Այս կամերայում միայն մի հոգի կա անգործ. մնացածները բոլորն էլ աշխատում են հյուսնոցում և դուրսը։

Այդտեղից սանդուղքներով մենք բարձրացանք երկրորդ հարկը և մտանք կուլտ-բաժինը։

Սանդուղքի վերևը, հենց դիմացի պատից, կախված էր մի յուղաներկ նկար։ Ծովային տեսարան էր՝ ափին էկզոտիկ բուսականություն։ Տեսնելով, որ ես հետաքրքրությամբ նայում եմ նկարին՝ Բենժամենն շտապեց բացատրել.

— Մեր նկարիչներն են նկարել։ Վերևումեռ շատ կտեսնես։ Այս մեկը նկարել է Բելոգուրովը։