Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/315

Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ մարդ է։

— Ռուս զինվորական է. բռնված է լրտեսության մեղադրանքով. առաջ քաղաքական կորպուսում էր, այժմ քրեականն է տեղափոխված։ Բայց ես չեմ հավատում, որ նրա մեղադրանքը հիմք ունենա...

Այս խոսքերով մենք մտանք Ուղղիչ Տան կուլտ-բաժնի թատերասրահը — և ես տեսա Բելոգուրովին:

Թատերասրահը նախկին երկու կամերաներից բաղկացած մի բավականին ընդարձակ սենյակ էր, մուտքից դեպի ձախ՝ բեմը, դեպի աջ՝ նստարանները։ Վարագույրը բաց էր, և տեսարանը ներկայացնում էր անտառ։ Վերևից թոկով կախված էր թղթե մի կիսալուսին, որը, ինչպես հետագայում ներկայացումների ժամանակ ես նկատեցի, համարյա բոլոր կալանավորներին անասելի հիացմունք էր պատճառում։ Բեմի վրա, մի այլ դեկոր հատակին փռած՝ ինչ-որ բան էր սարքում սև բլուզ հագած մի երիտասարդ, համակրելի դեմքով կալանավոր, որ ոտքի կանգնեց և սկսեց հարգանքով դեպի մեր կողմը նայել։

— Սա մեր Համոն է, բեմի րեկվիզիտորը, դեկորատորը, վարագույր բարձրացնողը և այլն։ Ի՜նչ գործ ասես՝ ձեռքից կգա,— շտապեց ներկայացնել նրան իմ շիչերոնեն։ Ես մշուշոտ կերպով հիշեցի, որ կարծես տեսել եմ նրան, կամ լսել եմ նրա մասին ինչ-որ մի տեղ։ Եվ հանկարծ գլխի ընկա։

— Սա նա չի՞, որ աշխատում է դարբնոցում, վառարաններ է շինում և վաղն էլ սկսելու է շարել արհեստանոցների պատերը...