Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/316

Այս էջը սրբագրված է

— Հե՛նց նա է, որ կա, պատվական տղա է,— ասաց Բենժամենը, լայն ժպտաց Համոյին, որ արդեն մոտեցել էր մեզ, և ձեռքը դրեց նրա ուսին։

Ես նայեցի Համոյին. երեսունին մոտ, բրյունետ, քիչ հիվանդոտ դեմքով, բարակ, նիհար. սև աչքեր, սև մազեր. մի ուսը մյուսից քիչ բարձր. նայում է՝ գլուխը պահած քիչ թեք. ստացվում է տպավորություն, թե վարից վեր է նայում։ Նայելիս ժպտում է և շտապում փախցնել հայացքը։ Կարծես դպրոցական է, որ քաշվում ու ամաչում է ուսուցչից:

— Ինչքա՞ն եք վճռված։

— Ութ տարի,— ասում է նա, ժպտում ու հեռացնում հայացքը։

— Ինչի՞ համար։

— Սպանության։

Եվ հանկարծ վառվող աչքերով նայում է ինձ, ժպտում, ձեռքը դնում ուսիս և ոգևորված ասում.

— Այսօր թատրոն ունենք, անպատճա՛ռ եկե՛ք։ Շա՛տ հետաքրքիր է, շա՛տ հետաքրքիր...

Ու նայում է բեմին՝ հատակին փռված դեկորին։

— Դեկորացիան պիտի փոխեմ, առաջինը հարուստ սենյակ է հարկավոր, երկրորդը՝ աղքատ։ Ունենք։ Երկո՛ւսն էլ ունենք։

Եվ դեմքը փայլում է ուրախությունից։ Հետո նա ընկերաբար մի երկու անգամ խփում է ուսիս, ժպտում ու մի ոստյունով թռչում բեմը՝ իր գործը շարունակելու։

Այս խոսակցության ընթացքում ես մեկ-մեկ նայում եմ շուրջս՝ ուսումնասիրում եմ դահլիճը։

Պատերին՝ յուղաներկ նկարներ, մեծ մասը բնության տեսարաններ։ Իսկ դահլիճի ⅓ մասն