Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/317

Այս էջը սրբագրված է

ազատված է և այստեղ եռոտանիի առաջ աշխատում է մի բարձրահասակ, գունատ, նիհար կալանավոր։ Բելոգուրովն է։ Նրանից դեպի ձախ, հենց նստարանի վրա, աշխատում է մի ուրիշը։— Նման է ուսանողի։ Երիտասարդ է. դեղին, հրեական դեմքով. միջահասակ, հագին կապույտ շևյոտե բլուզ, գլխին արախչին։ Մենք մոտենում ենք նրանց։

— Ընկեր, Բելոգուրով և ընկեր Ցեֆիմ Բրավելման,— ներկայացնում է իմ անփոխարինելի չիչերոնեն՝ Բենժամենը։ Նկարիչները թողնում են իրենց աշխատանքը և մոտենում են մեզ։

Բելոդուրովը թողնում է կատարյալ դեգեներատի տպավորություն։ Գունատ, հիվանդոտ դեմքի վրա բաց-կապտագույն աչքերը վախկոտ են ու խեղճ։ «Դժվար թե նման ողորմելին ընդունակ լինի զինվորական լրտեսության», անցնում է մտքովս։ Այնինչ միանգամայն հակառակ տիպ է Եֆիմ Բրավելմանը։ Նայում է համարձակ, առանց քաշվելու։ Աչքերում՝ ինքնավստահություն ու թաքուն խորամանկություն։ Իր մասին մեծ կարծիք ունի. երևում է ամեն ինչից։

— Ինչպե՞ս եք գտնում,— հարցնում է Բրավելմանը՝ ցույց տալով ձեռքի փոքրիկ տախտակը, որի վրա նա նկարում է ձմեռային գյուղական գիշերվա մի շաբլոն տեսարան։ Երևի հիշում եք էժանագին բացիկները՝ նման տեսարաններով։ Ձյուն, խրճիթ, խրճիթի առաջ խարույկ, պատուհանում՝ դեղին լույս, վերևը՝ ամպոտ երկինք, ամպերի միջից՝ սպիտակ, քիչ դեղնավուն լուսինը։— Սակայն Եֆիմ Բրավելմանը գոհ է և նույնիսկ — չափազանց։ Նայում է աչքերիս և հայացքի