Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/318

Այս էջը սրբագրված է

մեջ հեգնող կասկած կա.— կարո՞ղ է արդյոք այս էֆիոպը հասկանալ այնպիսի մի նուրբ նկար, ինչպիսին է այս աննման տեսարանը... Եվ հենց նույն աչքերի խորքում կարդացվում է իր վճռական պատախանը.— ո՜րտեղից... ի՜նչ նրա գործն է այդ...

— Հասկանո՞ւմ եք,— շտապում է արդարացնել նա իր աչքերի խոցող արտահայտությունը և, միևնույն ժամանակ, մեծահոգաբար մեղմել իր՝ մեզ վրա արած գերազանց տպավորությունը.— ինքնե՛րս ենք աշխատում... Ոչ-ոք չկա, որից կարելի լինի խորհուրդ հարցնել... Եթե դուք բարի լինեիք մեզ խորհուրդներ տալու, շտկելու մեր սխալները...

Ասում է, բայց խորամա՛նկ, ինքնագոհ աչքերը, որոնց խորքում պսպղում է հազիվ նկատելի, կասկածոտ, հեգնական մի ժպիտ — շտապում են հերքել լեզվի ասածները։ Աչքերն ասում են՝ «է, սիրելի՚ս, չհավատաս, քաղաքավարության համար եմ ասում... Մենք մեր գործը լավ գիտենք և ոչ-մի կարիք չունենք ձեզ պես էֆիոպների խորհուրդներին...»։

Բայց լեզուն շարունակում է աշխատել. դե, լեզուն՝ ի՛ր համար, աչքերը՝ իրենց։

— Գիտե՞ք, սիրելի ընկեր, ես շատ եմ սիրում ձմեռային տեսարաններ... Ձմեռ... ձյուն... մի փոքրիկ խրճիթ... խարույկ... լուսին...

Ու հիացած նայում է իր նկարածին.— գո՛հ է, շատ է գոհ իրենից ու իր աշխատանքից Եֆիմ Բրավելմանը։ Մինչ Եֆիմ Բրավելմանն այդպես ցուցադրում է իրեն ու խորամանկ ժպտում — ներողամիտ հայացքը մերթ ինձ, մերթ Բենժամենին հառելով՝