Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/32

Այս էջը հաստատված է

Ու տիրում է լռություն՝ ակնածանք ու զարմանք։

Երկրորդ նորությունը, որ նույնպես նայիրյան չէ և դեպի որը հատուկ մի ակնածանք են զգում բոլոր քաղաքացիներն անխտիր և որով այնքան հիանում է միշտ ծխական դպրոցի ուսուցիչ պ.Դրաստամատյանը— հինգհարկանի այն հսկա շինությունն է, որ կանգնած է քաղաքի մեջտեղում, որպես ահռելի մի վեհություն, քարե ակնածանք։ Այո, քարե մի ակնածանք, որովհետև այդ շենքը, բացի իր վիթխարի լինելը, նշանակալից է և մի ուրիշ, ավելի կարևոր— ամենակարևոր հանգամանքի շնորհիվ. — այդտե՛ղ, այդ միակ շենքումն են կենտրոնացած քաղաքի և նույնիսկ գավառի ամենագեղեցիկ հիմնարկությունները: Այդտեղ են նստում՝ գավառապետը, ոստիկանապետը,այդտեղ է զորակոչային գավառական ատյանը և այդ շենքում են, վերջապես, գտնվում՝ փոստ-հեռագիրը և պետական գանձարանը: Եվ էլի՛ բոլորը չկարողացա թվել։ Մոռացա ամենակարևոր հիմնարկությունը — այն, առանց որի այդ առասպելական շինությունն իր հմայքի և մանավանդ սարսափելի ակնածանքի կեսից ավելին կկորցներ… Բանն այն է, որ այդ հինգհարկանի շենքի առաջին հարկում, միջանցքի ամեածայրը, կարելի է ասել՝ շենքի ամենահետընկած անկյունում կա մի փոքրիկ սենյակ… Աստված չանի, ընթերցող, այդ սենյակն ընկնես. որ ընկար — ազատվելիք չկա։ «Մութ տեղը» — այսպես են անվանում քաղաքացիք այդ սենյակը, թեկուզ սենյակը բոլորովին լույս է՝ երկու պատուհան ունի և երեք էլեկտրական լամպ։ Իսկի էլ լուսավորություն չունենալը չէ, որ դարձրել է սենյակը այդ խորհրդավոր ակնարկին արժանի, այլ թերևս այն, որ այդտեղ մտնողի