Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/320

Այս էջը սրբագրված է

խորամանկ ժպտալով, չար խոցելով՝ ասում են Եֆիմի աչքերը։ Այս անգամ ես եմ շրջում հայացքս, որպեսզի չտեսնեմ Եֆիմ Բրավելմանի վատ աչքերը։

Այստեղ մեզ մոտենում է քառասունին մոտիկ, լայն բաց արած կանաչ աչքերով, ինտելիգենտի դեմքով մեկը։ Լայնաթիկունք է. միջահասակ. լայն դեմքի մեջ պառավային, կանացի ինչ-որ բան կա. թե՛ դեմքը, թե՛ աչքերը վստահություն չեն ներշնչում։ Հարուստ ընտանիքից է երևում, կրթություն ստացած։ Սուր, խոցող աչքերով տնտղում է իմ դեմքը, ձեռքերն իրար քսելով։ Ոլ անմիջապես շուռ է գալիս, գնում է դուրս։

— Ո՞վ է,— հարցնում եմ իմ չիչերոնեին։

— Հե՜չ։ Նախկին խորհրդային ծառայող։

— Ի՞նչ գործով է բռնված։

— Յուրացման։— Ու տեսնելով, որ դեռ ես երկար պիտի տանջեմ նրան իմ այս ստերեոտիպ հարցով՝ ավանսով բացատրում է.

— Հենց հինչքա՛ն ինտելիգենտ տեսնես՝ իմաց կաց, որ յա յուրացում ա, յա վատնում։ Էս մին բանում համարյա թե բացառություն չկա։

Մենք բաժանվում ենք նկարիչներից և բարձրանում բեմ՝ դեկորները նայելու։ Եֆիմ Բրավելմանը գնում է շարունակելու իր գործը, իսկ Բելոգուրովը գալիս է մեր ետևից։ Երևում է՝ ինչ-որ բան է ուզում ասել, բայց քաշվում է, սպասում է հարմար առիթի։

Բեմի վրա մեզ կրկին մոտենում է Համոն և ոգևորված, ոգևորությունից վառվող աչքերով սկսում է պատմել Ուղղիչ Տան թատերասրահի կառուցման հերոսական պատմությունը։