Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/324

Այս էջը սրբագրված է

VI. ԱՍԼԱՆ-ԲԻՁԵՆ, ՆՐԱ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԿԻՆԸ, ԿՈԻԼՏ-ԲԱԺՆԻ ՍԽԵՄԱՆ, ԹՈՒՐՔ ՊԵՅԶԱՆՆԵՐԸ, ԲԵՆԺԱՄԵՆԻ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԱՅԻՐՅԱՆ ՕՏՏՈ ՎԱՅՆԻՆԳԵՐԸ՝ ԼԱԶԳԻՆ

Վերջապես մենք բաժանվեցինք Բելոգուրովից և մտանք գրադարան-ընթերցարանը։

Մի բավականին ընդարձակ սենյակ՝ դիմացը գրքակալներ։ Դեպի աջ մի երկար սեղան՝ վրան զանազան թերթեր։ Պատերին նկարներ ու դիագրամաներ։

Ներս մտնելիս առաջին հերթին իմ աչքին ընկավ մոտ 50—55 տարեկան, բարձրահասակ, գյուղական հագուստով, ղազախեցու հսկա փափախը գլխին մի կալանավոր, որ դռան մոտ աթոռի վրա նստած թերթ էր կարդում։

— Սա էլ մեր Ասլան-բիձեն,— ուրախացած բացագանչեց Բենժամենը և դառնալով նրան.

— Աբա՛ մի ծանոթացի էս մեր նոր ընկերոջ հետ,— ավելացրեց նա և բռնելով Ասլան-բիձի ձեռքը՝ քաշ տվեց դեպի ինձ։ Տղամարդու դեմք ուներ Ասլան-բիձեն. մազերը համարյա ամբողջովին սպիտակած էին, բայց առույգ էր, ինչպես երիտասարդ։

Ինչի՞ համար ես բռնված,— տվի ես Ասլան-բիձին իմ մշտական հարցը։

— Ես գիդա՞մ, հնգե՛ր ջան։ Ասում են՝ բանդիտ ես...

— Ո՞նց թե բանդիտ։

— Դե էդպես որոշեցին։ Ամա թե իմ գործը ուրիշ գործ ա, երգար պատմութեն ա...

Առհասարակ հարկավոր է ասել, որ Ուղղիչ Տուն ընկնելու հենց առաջին օրից ես նկատեցի, որ