Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/328

Այս էջը սրբագրված է

— Է՛ս էլ հին ու նոր բանտերը — Բելոգուրովն է նկարել...

Ամենայն հետաքրքրությամբ սկսեցի զննել այդ նկարը։

Նկարը մեջտեղից բաժանված էր երկու մասի, ինչպես լինում է սովորական լուբոկներում, և յուրաքանչյուր մասում հինգ առանձին նկարներով տրվում էր հին, ցարական բանտի և նոր, խորհրդային Ուղղիչ Տան պատմությունը։ Աջ կողմում. 1.— Գյուղացուն վզակոթին տալով նետում են բանտ. 2.— Ոտներին գամում են շղթաներ. 3.— Փակ, մութ, կեղտոտ կամերա. հատակի վրա փռված բանտարկյալները թուղթ են խաղում, ծեծում ու գզգզում իրար. 4.— Կեղտոտ, հյուծված բանտարկյալին վզակոթին տալով հրում են դուրս. 5.— Ազատված բանտարկյալը հենց բանտի դռան մոտ ձեռքը կոխել է անցորդի գրպանը, իսկ փողոցի անկյունից վազում է ոստիկանը՝ ազատված բանտարկյալին կրկին ձերբակալելու։

«Ահա՛ նախկին, ցարական ռեժիմի բանտը և ուղղիչ քաղաքականությունը»— լուբոկային իր պարզ, բոլորին հասկանալի լեզվով ասում էր Բելոգուրովի նկարի աջ կողմը։

Նկարի ձախ կողմը. 1.— Կալանավորը միլիցիոների հետ մտնում է Ուղղիչ Տուն. 2.— Կալանավորը աշխատում է հյուսնոցում. 3.— Կալանավորը դպրոցում. 4.— Ազատվող կալանավորը Ուղղիչ Տան գրասենյակում ստանում է իրեն հասանելիք աշխատավարձը. 5.— Ազատված կալանավորը գյուղի ճանապարհին՝ մի թևի տակ գրքեր, իսկ մյուսի տակ կապոց. երևի նվերներ է տանում իր կնոջն ու երեխաներին...