Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/329

Այս էջը սրբագրված է

Այսպես էր պատմել խորհրդային Ուղղիչ Տան ե ուղղիչ քաղաքականության մասին իր նկարի ձախ կողմում նույն այդ Ուղղիչ Տան կալանավոր Կոստանդին Բելոգուրովը։

Հետո մենք նայեցինք Ուղղիչ Տան պատի թերթը, որ կոչվում էր «ճառագայթ»։ Գրված էր երեք լեզվով՝ հայերեն, թուրքերեն, ռուսերեն։ Ապա ես մոտեցա գրքակալներին և սկսեցի նայել գրքերը։ Հայերեն, ռուսերեն, թուրքերեն։ Քաղաքական գրականություն և բելետրիստիկա։ Պետք է ասել, որ գրադարանն այնքան էլ հարուստ չէր։ Հետագայում մենք մի քանի անգամով հարստացրինք այդ փոքրիկ գրադարանը։

— Ի՞նչ գրքերի կարիք է զգացվում,— հարցրի գրադարանապետին, որը միևնույն ժամանակ թե՛ ներկարար էր և թե՛ շրջանակներ շինող։

— Գեղարվեստական:— Տվե՛ք ռոմաններ։ Ուրիշ բան հարկավոր չէ։ Քաղաքական գրքեր էլ են կարդում, բայց քիչ։ Տվե՛ք բելետրիստիկա։

Այսպես է կարծեմ բոլոր բանտերում և ուղղիչ տներում։ Մարդիկ երևի պահանջ են զգում կորցրած ազատությունը, դրսի ընդարձակ ու բազմապիսի կյանքն ապրել ու զգալ... գոնե գրքերում: Այսպես է կյանքը:

Գրադարան-ընթերցարանից հետո մենք մտանք կուլտ-բաժն ի գրասենյակը, ուր ես ծանոթացա բաժնի վարիչի հետ, և նա ինձ ցույց տվեց կուլտ-բաժնի սխեման։