Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/33

Այս էջը հաստատված է

աչքերը մթնում են սարսափից. ահա՛ թե ինչ հատկություն ունի այդ խորհրդավոր սենյակը, սիրելի ընթերցող... Եվ մեծ չափով այդ սենյակին պետք է վերադրել այն խորհրդավոր հարգանքը, որ զգում է ամեն մի քաղաքացի այդ շենքի մոտով անցնելիս։ Եվ նա չէ՞ արդյոք պատճառը, որ այդ հինգհարկանի տունը դարձել է մի ամենակարող կենտրոն, կամ, ավելի լավ է ասել՝ առանցք, որի շուրջն են դառնում քաղաքն ու գավառը— և չեն կարող չդառնալ։ Այն միանգամայն ճշմարիտ ակսիոման, որ տիեզերքում ամեն մի կետ կարող է կենտրոն համարվել— ամենայն հեշտությամբ հերքվում է այս դեպքում, ինչպես և բոլոր նման դեպքերում, երբ խոսքը վերաբերում է վարչական և ոչ թե աստղային համակարգություններին։ Այդ հինգհարկանի շենքն է, այո, քաղաքի կենտրոնը և միակ կենտրոնը— և նա, այդ քաղաքը, միևնույն ժամանակ ուրիշ ո՛չ մի կենտրոն չի կարող ունենալ: Թող որքան կուզե ծխական դպրոցի ուսուցիչ ընկեր Վառոդյանը համոզե օրիորդներին, որ տիեզերքի նկատմամբ կենտրոն կարող է համարվել Բոչկա Նիկոլայի պանդոկը անգամ— թող ինչ ուզում է ընկ. Վառոդյանն ասե— մենք չենք փոխի մեր կարծիքը և հաստատ կպնդենք, որ հինգհարկանի այդ տունն է, այո, միակ կենտրոնը նայիրյան այդ քաղաքի և ամբողջ գավառի և այնտեղից է, այո, որ ելնում են, էլեկտրական կապույտ կայծերի նման և տարածվում ամեն ուղղությամբ— վճիռներ ու ճակատագրեր: Ընկ. Վառոդյանն այդ բանը, իհարկե, մեզանից լավ գիտե, բայց նա օրիորդներին հաճելի, հանդուգն, խիզախ երևալու համար սոփեստություններ է անում։