դատախազը։ Իսկ ամբողջ կուլտ-բաժինը ղեկավարում էր կուլտ-բաժնի վարիչը, որը կալանավոր չէր և մտնում էր Ուղղիչ Տան վարչության մեջ՝ կոլեգիայի անդամի իրավունքով։
Դպրոցն առանձին էր և չէր գտնվում կուլտ-կոմիսիայի իրավասության ներքո։ Նա առանձին գծով ենթարկվում էր կուլտ-բաժնի վարիչին և նրա միջոցով՝ Երևանի քաղլուսվարին, որը և նշանակում էր ուսուցիչներ։ Դրսից միայն երկու ուսուցիչներ կային, մնացածները կալանավորներ էին, թվով վեց, որոնցից չորսը՝ թուրք։ Դպրոցին կից կային և քաղգրագիտության ու գյուղատնտեսական խմբակներ, որոնցից առաջինում աշխատանքները տանում էր կուլտ-բաժնի վարիչը, իսկ երկրորդում՝ երիտասարդ մի կալանավոր, նախկին գյուղատնտես։
Կուլտ-բաժնի վարիչի հետ միասին երբ մտանք, դպրոցը՝ այդտեղ պարապում էր թուրքական խմբակը։ Քսանի չափ թուրք կալանավորներ, բոլորը գյուղացի, պարապում էին լատինատառ դասագրքով։
— Հե՞շտ է,— հարցրի մեկին թուրքերեն,— և բոլորը միասին պատասխանեցին.
— Կոլա՛յ դը, կոլա՛յ դը...
Վերցրի մեկի տետրակը և սկսեցի բարձրաձայն կարդալ։ Հարկավոր էր տեսնել այդ պահուն նրա աչքերը՝ հասկանալու համար, թե ի՛նչ է նշանակում գեղջուկ մարդու հիացմունք՝ հասարակ բաների առիթով։
Ես էլ էի հիացած, բայց ո՛չ թե իմ ընթերցանությամբ, այլ այդ թուրք պեյզանների