Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/332

Այս էջը սրբագրված է

առաջադիմությամբ։ Հետագայում նրանք ինձ ցույց էին տալիս իրենց գրած նամակները, որոնք եթե վերածելու լինեիք հայերենի՝ դուրս կգային Թումանյանի Գիքորի հոր հռչակավոր նամակի համարյա տառացի պատճենները։ Նույն ոճը, նույն անմիջական հետաքրքրությունը՝ հարազատ մարդկանց ու հարազատ կենդանիների անցուդարձով, նույն բարևներ՝ յուրաքանչյուր բարեկամին առանձին, նույն գեղջկական միամիտ քերականությունը...

Սակայն իմ այդ առաջին այցը թուրքական խմբակին ինձ համար առանձնապես նշանակալից էր նրանով, որ ես այդտեղ առաջին անգամ հանդիպեցի Բաղդասարին, Ուղղիչ Տան հռչակավոր Բաղդասարին, որը նստած «լատիներեն» էր սովորում թուրք պեյզանների հետ միասին...

Բայց Բաղդասարի մասին — հետո։

Երբ դուրս եկանք դասարանից, չգիտեմ ինչու, կրկին մտանք թատերական դահլիճը և բարձրացանք բեմ։ Զարմանալի Համոն դեռ զբաղված էր իր դեկորներով, իսկ Բելոգուրովն ու Եֆիմ Բրավելմանը դահլիճի վերևի մասում զբաղված էին իրենց նկարչությամբ։ Ես այնքան էի տարվել իմ տեսածներով ու լսածներով, որ միանգամայն մոռացել էի ուր լինելս։ Եվ ահա, չգիտեմ ինչպես պատահեց,— ես սթափվեցի այն ժամանակ միայն, երբ մենք արդեն կանգնած էինք բեմի աջ կողմը, դեկորների ետևը գտնվող բաց պատուհանի առաջ... Այո՛, բաց պատուհանի, որի ճաղերի միջից երևում էր աշնանային Երևանը... Կարծես քնած էի, և սառը ջուր լցրին գլխիս — այդքան անակնկալ էր տպավորությունը։ Երևակայո՞ւմ եք՝