Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/335

Այս էջը սրբագրված է

Ես կրկին իմ անբաժան չիչերոնեի հետ էի՝ Բենժամենի հետ:

ներքևում, ուր սկսվում էին կոզտ-բաժին տանող սանդուղքները՝ կանգնած էին երկու կալանավոր և մարդ չէին թողնում վերև: Բաժանված էին տոմսեր, որոնցով և ժամանակին գալու էին կալանավորները։ Միջանցքում անհանգիստ դեսուդեն էր վազում սանսեկցիայի ամենաեռանդուն աշխատակիցը՝ Լազգին. մաքրության էր հետևում։

Մեզ բաց թողին առանց տոմսի, և մենք բարձրացանք վերև։ Մաքուր էր։ Լույս։ Սանդուղքի դիմացի պատին և վերը՝ միջանցքի պատերին — յուղաներկ նկարներ։ Մարդիկ, հաճելի հոգսը դեմքներին, դեսուդեն էին վազում. կարծես գավառական թատրոն էր՝ տեղական սիրողների ներկայացումն սկսվելուց մի ժամ առաջ...

Առաջին հերթին իմ ուշադրությունը գրավեց մի գունատ, բարակ, բարձրահասակ, երազողի դեմքով երիտասարդ, որ, ինչպես գնդապետը պատերազմի դաշտում՝ եռուզեռի կենտրոնում կանգնած հրամաններ էր արձակում։ Հարցրի ու իմացա, որ դա կուլտ-բաժնի պարետն է, Սուրենը։ Շատ համակրելի դեմք ուներ այդ Սուրենը։

— Տեսնո՞ւմ ես մեր Սուրենին,— ցույց տվեց Բենժամենը։

— Ի՞նչ գործով է։

— Սպանության։ Դրանք երեք հոգի են, բոլորն էլ հենց էդպես ջահել տղերք։ Հետով շանց կտամ։

Հետաքրքրված՝ ես մոտեցա Սուրենին։ Այդ պահուն նա կանգնած էր դահլիճի երկրորդ դռան մոտ, որի միջով կուլտ-բաժնի գրասենյակն էին