Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/336

Այս էջը սրբագրված է

տեղափոխում իրենց նկարչական արհեստանոցն ու կիսավարտ նկարները Եֆիմ Բրավելմանը և Բելոգուրովը։ Նրանց օգնում էին Ասլան-բիձեն և մի կաղ, կանաչ շինել հագած, ոտաբոբիկ կալանավոր, որ գրավեց իմ ուշադրությունը իր գունատ, աննորմալ դեմքով ու ծայր աստիճանի սև մորուքով ու աչքերով։

— Դա՞ ինչ մարդ է,— հարցրի ես զարմացած, մինչ իմ հետաքրքրության առարկան՝ երեսը իմ կողմը դարձրած՝ իդիոտային ժպիտով ինձ էր նայում, կարծես իր այդ ողորմելի ժպիտով հայցում էր, որ իրեն չխփեմ։

— Դա մեր տերտերն է,— կարճ պատասխանեց Բենժամենը, որ Ուղղիչ Տան բնակչության մասին ուներ սպառիչ տեղեկություններ։

Սակայն հետագայում ես իմացա, որ դա ոչ թե լուսավորչական տերտեր է, այլ բողոքական քարոզիչ: Ասում էր 23 տարեկան է, բայց թողնում էր 40 տարեկանի տպավորություն։ Անպայման աննորմալ էր. բռնված էր կրոնական թռուցիկներ տարածելու համար։ Թռուցիկներ, որոնցում նա մարգարեանալիս է եղել երկրային իշխանությանց անկումը և աշխարհի մոտալուտ կործանումը։ Մի ամիս անց նրան արձակեցին։

— Ինչքա՞ն մարդ է տեղավորվում դահլիճում — հարցրի Սուրենին՝ նրա հետ ծանոթանալու նպատակով։ Նա մեղմ ժպտաց, կարմրեց, նայեց իր կոշիկներին ու պատասխանեց.— Մոտ երկու հարյուր։ Փոքր է, դրա համար էլ տոմսերով ենք թողնում։ Մի ներկայացումին մի կեսն է գալիս, մյուսին՝ մնացածները։