Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/337

Այս էջը սրբագրված է

Խոսում էր գրական բարբառով, սակայն պարզ էր, որ ինտելիգենտ չէ։ Խոսակցությունը շարունակելու հնարավորություն չկար շուրջի եռուզեռի պատճառով, ուստի ես բարեկամաբար ժպտացի նրան, և մենք բաժանվեցինք։ Հետո ես ճանաչեցի նրան բավականին մոտիկից, և նա թողեց ինձ վրա չափազանց համակրելի, շնորհքով, ընդունակ երիտասարդի տպավորություն։

Մինչ կսկսվեր ներկայացումը՝ մենք մտանք գրադարան-ընթերցարանը։ Լույս, տաք, մաքուր։ Սեղանի շուրջը նստած թերթ էին կարդում տասի չափ կալանավորներ։ Սեղանի վերևի անկյունում, դեմառդեմ նստած, շախմատ էին խաղում երկու կալանավոր։ Դրանցից մեկը սև, կոկ սանրած մազերով, լայնաթիկունք, ցածրահասակ մի կալանավոր էր, մոտ 25 տարեկան, իսկ մյուսը՝ զինվորականի շորերով մի ռուս։ Սև երիտասարդը խաղում էր բավական լավ։ Առհասարակ երևում էր — դեմքի լուրջ, կենտրոնացած արտահայտությունից ու խոհուն աչքերից — որ, չնայած անտաշ, կոպիտ արտաքինին՝ մտածող մարդ է։ Մի երկու սրամիտ, անակնկալ ընթացքով նա մաթ տվեց դիմացինին ու ժպտալով նայեց մեր երեսին։ «Լա՞վ է, չէ՞» — կարծես ասում էին նրա ժպտացող աչքերը։ Ինչպես ընդունված է բոլոր շախմատային պարտիաների վերջում՝ պարտվողը նախ կարծես չհավատաց, որ «չկա փրկության դուռ», բնազդաբար ձեռքը իր թագավորին տարավ, մի-երկու վայրկյան նայեց հարևան քառակուսիներին — և հանկարծ գլխի ընկավ, խառնեց խաղաքարերը։ Խաղը վերջացած էր: Պարտվողի դեմքը տխուր էր ու