Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/339

Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ գործով է։

Նույն գործով. սպանության։ Դա՛ յա, Սուրենը, Խաչիկը։ Մին հընգեր էլ ունեին՝ ըստեղ հիվանդանոցում մեռավ... Մեսրոպ էր անունը։

— Հիմա ի՞նչ է անում։

— Ըստեղ մանտյորություն սովորեց, գնում ա դրսևի աշխատանքի։ Էլ դժվար թե դրանք ըտենց բան անեն...

Արդեն Ժամը յոթն էր, և կալանավորները խուռն բազմությամբ թափվեցին դահլիճը։

Դահլիճի մուտքի մոտ լուրջ, սֆինքսի նման գունատ ու ազդեցիկ կանգնած էր Սուրենը՝ կարգապահության էր հետևում։ Ես կանգնած մուտքի մոտ նայում էի նրան, երբ պատահեց մի բան, որ իմ մեջ հիացմունք առաջացրեց դեպի այդ գունատ կալանավորը։ Մի աժդահա գյուղացի կալանավոր, որին ինչպես երևում է այդ անգամ տոմս չէր ընկել՝ մտածել էր ներս մտնել իր սեփական տոմսով։ Սուրենը նայեց նրա տոմսը, հասկացավ, ավելի գունատվեց և կամացուկ հրամայեց։

— Անմիջապես դո՛ւրս։

Կալանավորը համառեց։ Եվ ահա Սուրենը, այդ միջահասակից քիչ բարձր, բարակ, գունատ երիտասարդը ղրկեց աժդահա գյուղացուն, թեթև, թղթի նման բարձրացրեց նրան և տարավ դուրս։

Դահլիճում թնդաց հիացած կալանավորների բուռն ծափահարությունը։ Սուրենը լուրջ, անայլայլ, գունատ դեմքով վերադարձավ իր տեղը և շարունակեց իր գործը։

Մինչ ես զբաղված էի այս հետաքրքիր բաներով՝ Բենժամենը կորավ։ Դես եմ նայում, դեն —