Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/34

Այս էջը հաստատված է

Եվ ինչպես՞ կարող է ընկ. Վառոդյանն այդ չիմանալ, երբ իր կաշվի վրա է զգացել այդ ամենակարող կենտրոնի անմիջական ազդեցությունը։ Հարկավոր է ասել, որ «կաշվի վրա» դարձվածքը պետք է բառացի հասկանալ. ամենքին լավ հայտնի սրճարանատեր Տելեֆոն Սեթոն— նա, որ սրճարան ունի Լորիս—Մելիքյան կոչվող փողոցի վրա, — երդվում է Հիսուսի անունով, որ բաղնիքում պատահմամբ տեսել է ընկեր Վառոդյանի կռնակի վրա... հետաքրրքիր հետքեր։ Որտե՞ղ, ասացեք խնդրեմ, եթե ոչ այդ ամենակարող կենտրոնում, կարող էր ընկ. Վառոդյանի կռնակն այդպիսի հետաքրքիր դրոշմներ ստանալ կապո՜ւյտ֊կապո՜ւյտ գծեր։ Իսկ եթե ընկ. Վառոդյանն այդ էլ չի ընդունում և խորհրդավոր կերպով ակնարկում է իր «Ընկերության» անդամ լինելու հանգամանքը... դժվար է այդ դեպքում որևէ հակաճառություն անել ընկ. Վառոդյանին։ Նույնիսկ երեխաները գիտեն, որ «Ընկերությունը» կենտրոն է, մի ավելի ամենակարող և ահռելի կենտրոն, որ սուլթաններ, շահեր և կայսրեր պիտ տապալե— այդ անգո, ավելի լավ է ասել՝ մաթեմատիկական այդ «Կենտրոնը»... Ասում ենք «մաթեմատիկական», որովհետև ընկ. Վառոդյանի ասելով՝ ի նկատի ունենալով այն միանգամայն անհերքելի հանգամանքը, որ հինգհարկանի «Կենտրոնը» կառուցված է վախի, բռնության, արյան ու թյուրիմացության վրա, — «Ընկերության» կենտրոնը քարե՛ է, գրանիտե կառուցված գիտական սոցիալիզմի անհողդողդ հիմունքների վրա։ — Ուրեմն երկու անգամ երկու հավասար է չորսի պես պարզ պետք է լինի, որ ոչինչ է հինգհարկանի կենտրոնը, իսկ