Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/340

Այս էջը սրբագրված է

չկա։ Ուզում էի գնալ ընթերցարանը նայել, երբ դահլիճում թնդաց նվագածությունը։ Նվազում էին՝ ջութակ, թառ, դհոլ։ ներս մտա տեսնեմ՝ ջութակ նվագողը Բենժամենն է, իսկ դհոլ խփողը՝ Լազգին... Բեմից դեպի դահլիճ փայտյա բարյերով բաժանված էր մոտ երեք քայլաչափ տարածություն, ուր և նստած էին երաժիշտները։

Արդեն լիքն էր դահլիճը, վերջին հանդիսականներն էին արդեն մտնում դահլիճ. սակայն ամբողջ առաջին կարգը՝ ինձ անհայտ պատճառով ազատ էր թողնված։ Կարծեցի վարչության համար է, բայց սխալվեցի։ Մի քանի րոպե անց երկու կին հսկիչների ուղեկցությամբ դահլիճ մտան կին- կալանավորները, թվով 10, և բռնեցին առաջին կարգը։ Նրանց երթը գլխավորում էին Մարգարիտն ու Անուշը, որոնք իրենց բարձր հովանավորության տակ էին առել իրենց թուրք ընկերուհուն...

Մի գյուղացի տարիքն առած կին կար դրանց մեջ` ծծկեր երեխան գրկին: Հարցրի և իմացա, որ անհայտ նպատակով սպանել էր իր ամուսնուն։ Երեխան թուխ, Ժիր, փամփլիկ երեխա էր — գեղջուկ սևաչյա երեխա...

Հենց որ կանայք մտան՝ Լազգին անհանգստացավ։ Աչքերը կրակ դարձան՝ վառվեցին։ Այնպես էր խփում դհոլին, կարծես ոխ է հանում։ Հետո նա հատու շարժումով դհոլը տվեց կողքին նստած մի կալանավորի, ինչ-որ բան ասաց Բենժամենին — և ահա դահլիճում թնդաց լեզգինկան, և Լազզին, այդ կնատյաց Լազգին, նայիրյան այդ Օտտո Վայնինգերը զարմանայի վարպետությամբ սկսեց պարել...