Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/341

Այս էջը հաստատված է

Հարկավոր էր տեսնել Լազգու պարը՝ հասկանալու համար, թե ո՛րքան ռիթմ ու երաժշտություն կա կովկասյան պարերում։ Այդտեղ ես նոր գլխի ընկա, թե որտեղի՛ց էր առաջացել նրա անունը. Լազգին ճիշտ որ նման էր լեզգինի։ Թեկուզ միջահասակ էր ու վտիտ, սակայն իսկական լեզգինի շարժուձև էր նրա շարժուձևը ու թուխ դեմքը՝ լեզգինի թուխ դեմք։ Հագուստն էլ շատ էր նպաստում նմանությանը. սև սատինե, բարձր օձիքով շապիկ, մոխրագույն գալիֆե շալվար, փաթաթաններ, չստեր։

Պարում էր զարմանալի արագ, լեռնցու յուրօրինակ նազանքով, ու կատաղի հայացքներ նետում կանանց կողմը. չինական ֆոկուսնիկի նման՝ աչքերում խաղացնում էր կարծես կրակե խանչալներ...

— «Է՛, չե՛ս խաբի, Լազգի՛»— մտածում էի ես՝ նրա կատաղի հայացքները դիտելով.— Չափազա՛նց ես դու սիրում կանանց և խոցված ես դու երևում նրանցից... Ինչ լավ է, որ չես կարդացել Օտտո Վայնինգերի «Սեռ և բնավորություն»–ը, եթե ոչ՝ գունատ սեմինարիստի նման կսկսեիր հիմնավորել քո կնատյացությունը այդ կոպեկնոց փիլիսոփայությամբ... Խե՜ղճ Լազգի, սքանչելի՛ Լազգի...»։

Երբ Լազգին վերջացրեց իր պարը՝ արագ ցատկեց իր տեղը, նստեց, խլեց դհոլը՝ դրեց իր ծնկներրին և ագահ, անհանգիստ, վառվող աչքերով սկսեց տնտղել ու խոցել դեմը նստած կանանց դեմքերը։ Դահլիճում ծայր առավ մի խելագար