Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/342

Այս էջը սրբագրված է

ծափահարություն։ Հետո մի քանի տեղից միաժամանակ թնդաց մի կատաղի գոռոց.

— Անո՜ւշը, Անո՜ւշը, Անո՜ւշը...

Շուտով ամբողջ դահլի՛ճը միացավ այդ գոռոցին, դոփեց, ծափահարեց, քրքջաց.

— Անո՛ւշը, Անո՛ւշը...

Պարզ էր. հրավիրում էին պարելու Անուշին։ Նայեցի նրան և դժվարացա ծիծաղս պահել։ Քառասունին մոտիկ, սև, սաթի նման պսպղուն, հարթ սանրած մազերով, թուխ, բորբսնած դեմքով, միջահասակ մի կին էր Անուշը՝ դատված «միջնորդության» համար։ Ազգությամբ ասորի էր, բայց իսկի չէր կարելի կասկածել, որ հայ չէ։ Չնայած տարիքին և դեմքի գեղջկական արտահայտությանը՝ «բարձր դասի» կնոջ հավակնություններ ուներ իր զգեստներում ու սանրվածքում այդ Անուշը։ Սև, կարճ զգեստներ էր հագնում, ինչպես գավառական գիմնազիստուհի և... սպիտակ գուլպաներ։ Բարձրակրունկ կիսակոշիկներ։ Խոսելիս ծամածռում էր բերանը, շրթունքները մանկականի էր նմանեցնում։ Բառերը արտասանում էր մանկական առոգանությամբ։ Մի խոսքով՝ նայիրյան, դանթարային ֆորմացիայի հին պոռնիկ էր Անուշը՝ ռուս փողոցային կանանց քաղաքակրթության ենթարկված։

Կեղծ-զուսպ, կեզծ-ամաչկոտ հաճույքով, շինծու ամոթխածությամբ ընդունեց Անուշը կալանավորների կողմից իր հասցեին ուղղած այդ ահռելի օվացիան. գլուխը մանկան պես թեքեց Մարգարիտի ուսին, երեսը ծածկեց ձեռներով.

— Ամա՛ն, ես չեմ կրնա... ես կամչնա՛մ...