Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/344

Այս էջը սրբագրված է

Անուշը, ինչպես ասացի, զույգ ձեռքերով դեմքը ծածկած մոտեցավ բարյերին, որ անցնի, բայց հանկարծ հատու շարժումով դեմքից հեռացրեց ձեռքերը, չանչ արավ դեպի այն կողմը,ուր լինելու էին երաժիշտները, ծիծաղեց — և արագ վազեց իր տեղը։ Դահլիճում ծափահարությունը, աղմուկն ու ծիծաղը հասավ իր գագաթնակետին, կատաղի մոլեգնության։ Առաջին վայրկյանին ես չհասկացա այդ բոլորի իմաստը, բայց երբ մի անգամ ևս նայեցի երաժիշտների նստարանին — ամեն ինչ պարզվեց։

Երաժիշտները չկային։

— Այ տղա, ինչո՞ւ փախաք,— քիչ հետո հարցրի ես Բենժամենին, որ քիչ-շատ կրթություն ուներ և կարող էր քիչ բարձր մնալ այդ աշխարհում տիրող բարոյական նորմերից։

— Բա մարթ հեսքան մարթի առաջ կածի, որ պոռնիկ կնիկը պա՞ր գա,— առարկություն չվերցնող տոնով, առանց ամաչելու պատասխանեց Բենժամենը։

Ապշեցի։ Խոսք չգտա ասելու։ Լավ էր, որ այդ ժամանակ բարձրացավ վարագույրը, և ներկայացումն սկսվեց...

VIII. ԲԵՄԸ, ՊԻԵՍԸ․ ԿԱԼԱՆԱՎՈՐ ԴԵՐԱՍԱՆՆԵՐՆ ՈԻ ՀԱՆԴԻՍԱԿԱՆՆԵՐԸ, ԱՆԱՀԻՏԸ, ՆԻԿՈԼԸ, ՀԱՄՈՆ, ԵՖԻՄ ԲՐԱՎԵԼՄԱՆԻ ԿՈԻՊԼԵՏՆԵՐԸ- ВОЗДУХ

Վարագույրը բացվելուն պես աղմուկն անմիջապես դադարեց, և դահլիճում տիրեց մեռելային լռություն։

Բեմը ներկայացնում էր մի ցարական գեներալի սենյակ, ուր գեներալը, կինը և նրանց պատանի տղան սեղանի շուրջը նստած թեյ էին խմում։