Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/346

Այս էջը սրբագրված է

ժամանակ էլ այդ դժբախտ դերասանուհին երևար՝ նրա տեսքն անգամ կալանավորներին անասելի զվարճություն էր պատճառում։ Այժմ էլ հենց նա էր, որ մտավ գեներալին թեյ տալու և իր ողորմելի տեսքի մոգական կարողությամբ զվարթացրեց հանդիսականներին...

Հենց որ Անահիտը հեռացավ՝ դահլիճը խաղաղվեց։ Ես ավելի կալանավորներին էի նայում, քան բեմին։ Լարված ուշադրությամբ հետևում էին կալանավորները բեմի անցուդարձին և առանց քաշվելու, բարձրաձայն արտահայտում իրենց վերաբերմունքը։ Երևում էր, որ բեմի անցուդարձը նրանք համարում են իրականության նման մի բան։ Երբ հերոսը դժվար դրության մեջ էր ընկնում, դահլիճից խորհուրդներ էին տալիս նրան, քաջալերում, հրահրում։ Ինձ մոտ նստած էր Ուղղիչ Տան պետը, և պիտի ասեմ, որ սա՛ էլ ետ չէր մնում մյուսներից։ Ավելին։ Երբ տեսա, թե ո՛րպիսի անմիջականությամբ է այդ հասարակ մարդկանց բազմությունն ընդունում բեմում կատարվածը, ի՛նչպիսի կենդանի վերաբերմունքով է անդրադառնում ընկերների խաղին — ես ինքս էլ մեքենայաբար սկսեցի մասնակցել դահլիճի վերաբերմունքին, կալանավորների անմիջական ոգևորությանը։ Խաղում էին կարծես ոչ միայն բեմի մի քանի դերասանները, այլ կալանավորների ամբողջ բազմությունը, ամբողջ դահլիճը։ Այսինքն ո՝չ թե խաղում էին բառացի, այլ մասնակցում էին խաղին։ Դերասանները, այսպես ասած, տոն էին տալիս, վարում էին խաղը, իսկ հանդիսականներն ամեն կերպ օգնում էին նրանց, քաջալերում,