Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/347

Այս էջը սրբագրված է

հրահրում, բայց ոչ թե որպես դերակատարների, այլ որպես գործող անձանց։ Ուրախանում ու տխրում էին հերոսի հետ մեկտեղ և բարձր քըրքըջում հերոսի թշնամիների անհաջողությունների վրա։ Դա ոչ թե խաղ էր կարծես, այլ մասսայական կենդանի գործողություն, որին այս կամ այն չափով մասնակցում էին բոլորը։

Այս ներկայացման րնթացքում ես հիշեցի մեր բոլոր մանվածապատ զրույցները նոր, կոլեկտիվ թատրոնի մասին, ուր հասարակությունը պետք է ո՛չ թե պասսիվ հանդիսատես լինի, այլ ակտիվ մասնակից — և հասկացա մի շատ հասարակ ճըշմարտություն, որ առանձնասենյակում նստած չի կարող ըմբռնել ոչ մի հանճարեղագույն գեղագետ։ Դա այն է, որ կոլեկտիվ թատրոն ստեղծելու առաջին նախապայմանը ոչ թե նոր թատրոնական տեխնիկան, կամ ինչ-որ առանձին ձևով գրված պիեսներն են, այլ — նոր հասարակությունը։ Տվեք կենդանի, կյանքի հարաճուն ռեալիզմով դրված պիես և գեղագիտական զանազան քաղցրավենիներով չփչացած հասարակություն — և ինքնին կստեղծվի «կոլեկտիվ թատրոնը»։ Ես տեսել եմ սիրողների ներկայացումներ բանվորական, կոմերիտական, աշակերտական ակումբներում — և միշտ իմ տպավորությունը նույնն է եղել։

Այդ անմոռանալի ներկայացման ժամանակ իմ ուշադրությունը գրավեց և մի այլ հանգամանք։ Կալանավոր դերասանների բոլորի էլ գրիմը շատ մակերեսային էր, բոլորն էլ խոսում էին իրենց սովորական ձայներով, իհարկե, աշխատելով մի քիչ թատերական շեշտ մտցնել իրենց