Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/348

Այս էջը սրբագրված է

առոգանության մեջ — մի բան, որ բավականին զվարճալի տպավորություն էր թողնում,— մի խոսքով՝ բոլորն էլ ոտով֊գլխով մատնում էին իրենց ով լինելը, սակայն ամբողջ ներկայացման ընթացքում ես չնկատեցի, որպեսզի հանդիսականները նրանց դիմեին նրանց իսկական անուններով։

— Խփի՛ էդ գեներալին՝ սատկի, խփի՛, է՛,— քաջալերում էին հերոսին — և այսպես շարունակ։

Պարզ էր. յուրաքանչյուր հանդիսատեսի համար գենհրալ խաղացողն այդ պահուն գեներալ էր և ուրիշ ոչինչ։ Գեներալ, որին հարկավոր է խփել։ Չեմ կարծում, որ որևէ թատրոնում, որևէ իսկական դերասանի խաղ այդքան կենդանի կերպով շահագրգռե որևէ նրբակիրթ հանդիսատեսի։

Ես երբեք չեմ մոռանա Ուղղիչ Տան պետի խորհուրդը երիտասարդ հեղափոխականին, գեներալի կոմունիստ տղին, երբ վերջինս իր հոր շտաբում պատրաստվում էր ռումբը սեղանի դարակը դնելու, բայց այդ վայրկյանին դուռը բացվեց և մտավ գեներալի համհարզը։

— Փախի՛ մտի շկաֆը, փախի՛ մտի,— հուզված բացագանչեց պետը և երբ տեսավ, որ արդեն ուշ է, որ համհարզն արդեն նկատեց հեղափոխականին՝ նա, վեր թռչելով տեղից, ավելացրեց.

— Փախի՛ դեմի դռնով, դուռը բաց է, շո՛ւտ, է, այ՛ տնաշեն...

Բայց ինչպե՞ս փախչեր խեղճ հեղափոխականը, երբ, ըստ հեղինակի քմահաճույքի, պետք է գերի ընկներ, որպեսզի հետո ազատվեր կարմիրբանակայինների ձեռքով...