Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/349

Այս էջը սրբագրված է

Ես չեմ մոռանա երբեք և ամբողջ դահլիճի բուռն, սանձարձակ քրքիջը, երբ կարմիրբանակայինները խուժեցին գեներալի շտաբը և սվիններով գետին գլորեցին գեներալին։ Սանտիմենտալ մարդիկ չէին կալանավորները. գեներալի մահը նրանց համար ոչ թե մարդկային վախճան էր, որ որպես այդպիսին կարող է գոնե լուրջ, ո՛չ հեգնական վերաբերմունք պահանջել,— այլ ոխերիմ թշնամու անփառունակ անկում, որ միայն քրքիջ կարող է առաջացնել։

Հետագայում ես ներկա եղա և մի շարք այլ ներկայացումների, և կալանավորների հոգեբանության այս յուրօրինակ գիծն ինձ բավականին զարմացրեց։— Օրինակ՝ երբ «Պատվի համար»–ի վերջում «Որդեսպա՜ն» բացագանչեց Էլիզբարովը և կաթվածահար ընկավ — ամբողջ դահլիճը բուռն, մոլեգին, միաբերան ծիծաղեց։

Կալանավորները ոխերիմ թշնամիներ են բարոյական կեղծ սանտիմենտալիզմի և. որպես անմիջական մարդիկ, հարկ չեն համարում թաքցնել իրենց անմիջական վերաբերմունքը—ահա իմ կարծիքով սրա միակ բացատրությունը։

Մի փոքրիկ հանգամանք ևս Ուղղիչ Տան այդ առաջին ներկայացումից անջնջելի հետք է թողել իմ հիշողության մեջ, և ես չէի կամենա մոռացության տալ այդ հետքը։ Երկրորդ պատկերի ժամանակ, երբ վարագույրը բացվեց — բեմը ներկայացնում էր գեներալի շտաբը ռազմաճակատում։ Բեմի ետևում մի քանի կալանավորներ ամենայն եռանդով խփում էին թիթեղե թերթերի, որ գնդացիրի ձայն ստացվի։ Բեմի աջ կողմը, պատուհանի