Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/355

Այս էջը սրբագրված է

Մոտ 30 տարեկան, միջահասակից բարձր, գունատ։ Շեկ, կոկ սանրած մազեր, կապույտ աչքեր։ Անգույն տպավորություն էր թողնում. խոսում էր թիֆլիսախառը բարբառով։

Երբ նա ածիլեց վերջացրեց երեսս և անցավ մազերիս, հարմար համարելով առիթը՝ անցա սովորական հարցուփորձիս.

— Ի՞նչ .գործով ես բռնված:

— Սպանության։

— Ո՞նց եղավ։

— Եղավ, է՛լի։ Թշնամութին էր՝ սպանեցի։

— Ո՞րտեղ էր։

— Էստեղ, Երևանում։ Մե մարթ էր, մե կնիկ։ Մարթը պառավ էր, կնիկը մարթուց երիտասարդ։ Ուշ տվավ հոգին։

— Ո՞նց սպանեցիր, մենա՞կ։

— Մենակ։ Իրիգվա դեմին տունը մտա, դուռը կողպեցի։ Տունը մենակ մարթն էր ու կնիկը։ Մարթն էս օթախումն էր, կնիկը՝ էն։ Առաջ մարթուն սպանեցի, հետով էլ կնկանը։

— Ինչո՞վ։

— Մ արթուն բեբութով, կնկանը ձեռով։ Բողազիցը բռնեցի՝ քիչ անց հոգին փչեց։ Ըսկի ձեն էլ հանեց ոչ։

— Կնո՞ջն ինչու բեբութով չսպանեցիր։

— Պա՛հ, քո տունը շինվի. կնիկն ի՞նչ է մարթ վրեն դանակ բանացնի։ Կնկան պտիս խեխտես՝ ա՛յ, էսպե՛ս։

Եվ նա աջ ձեռի բթամատով ու ցուցամատով օղ արավ՝ ցույց տվեց, թե կնոջն ինչպես պետք է խեղդել։ Ու հերոսական կիսաժպիտով երեսը շուռ տվեց դեպի կինս. խեղճ կինս սարսափեց...