— Էսպես սպանեցի ու ջեր հլա երկու սհաթից ավելի ներքսևումը մնացի։ Դուռը նեքսևից փակեցի, բանլիքը դրի ջեբս, որ հարևանները թե բան է գան՝ իմանան մարթ չկա տնումը, տեղ են գնացե։
— Բա ի՞նչ էիր անում էդքան ժամանակ։
— Սպասում էի, որ մթնի։ Որ մթնեց, գնացի։
— Բաս ո՞նց բռնվեցիր։
— Պոեզդումը բռնվեցի։ Դաստավերնի չկար կուշտս՝ կասկածով բռնեցին։ Հետով գործը բացվեց...
— Ի՞նչ վճիռ տվին։
— Որոշվեց գնդակահարութին, հետով Կենտգործկոմը փոխեց տասը տարով։ Չունքի որ էս գործիցը կառավարութինը շատ օգութ ունեցավ...
— Ո՞նց թե օգուտ ունեցավ։
— Սպանութենից հետով որ դրանց տունը խուզարկեցին՝ 150-ից ավել օսկի գթան, դիփ Նիկոլայի տասնոց... Դրա վրա, կառավարութինը որ էդ օգութը տեսավ՝ ներեց...
Ես ժպտացի։ Ու նկատեցի, որ նա ուշադրություն չդարձրեց, չնկատելու տվեց ժպիտս։
— Անունդ ի՞նչ է։
— Դարչո ։ Շուլավերցի եմ։ Պատահական բան էր իմ Երևան ընկնիլս։ Հին թշնամութին ունեի՝ էդ պատճառով էկա։ Սպեցիալնի էդ գործով էկա։
Այստեղ կինս խառնվեց մեր զրույցին.
— Իսկ ձեր խիղճը չտանջե՞ց, որ սպանեցիք... Ձեր խիղճը հիմա չի՞ տանջում...
Դարչոն հեգնական-զարմացական, ներող ժպիտը դեմքին՝ պատասխանեց.