Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/368

Այս էջը սրբագրված է

— Ընկեր Մարության, շարունակե՛ցեք…

— Ի՞նչ պտի շարունակեմ։ Ալլա՛հ֊բիլլահ՝ շեմ կերե, չե՛մ կերե, չե՛մ կերե…
Դահլիճում կրկին թնդում է կալանավորների քրքիջը: Նախագահը մի քանի վայրկյան զանգահարում է կատաղի. շարունակում է հարցաքննությունը։
— Հարցեր ունե՞ք տալու,— գիմում է նախագահը դատախազին։ Դատախազը՝ լուրջ, նուրբ ժպիտը դեմքին՝ հարցնում է.
— Ասացե՛ք խնդրեմ, քաղաքացի Մարության, չի՞ պատահել արդյոք, որ մթերքը պղնձի մեջ լցնելուց առաջ որոշ քանակությամբ բրինձ կամ յուղ վերցրած լինեք…
Մարությանը, որ նախկին միլիցիոներ է՝ դատապարտված մեկին ապտակելու համար, դեմքը շուռ է տալիս դեպի հանդիսականները։ Դեմքին զարմանք կա, վիրավորանք. «էսպես էլ խայտառակությո՞ւն»— ասում են աչքերը։
Դահլիճը քրքջում է։
— Ընկե՛ր Մարության, դատարանին նայեցե՛ք: 
— Ախր, հընգե՛ր նախագահ, էնպես բան ա ասում՝ մարդ ամոթից գետինն ա մտնըմ… Ե՞ս
— բրնձի գո՞ղ…
Բռունցքով խփում է իր գլխին, իբր ուտում է իրեն։ Դահլիճում կրկին թնդում է լիաթոք քրքիջը:
— Իսկ չի՞ պատահել,—նույն սիրալիր, պաշտոնական ժպիտը դեմքին՝ շարունակում է դատախազը,— որ դուք փլավից-բանից եփած լինեք ձեզ համար ու որոշ քաղաքացիների հետ՝ կերած…