Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/369

Այս էջը սրբագրված է

Դահլիճում զվարթությունը հասնում է իր գագաթնակետին։ Մեղադրյալ Մարությանի աչքերից արյուն է կաթում։ Բարկությունից ձեռքը տանում է իր բլուզի օձիքին, ձգում, բաց է անում կուրծքը, բռունցքով խփում է կրծքին ու նստում։

— Ընկե՛ր Մարության, ոտքի՛. հարցաքննությունը դեռ չի վերջացել։
Մարությանը վեր է թռչում տեղից և քայլերն ուղղում դեպի դուռը։
— Էլ չեմ կրնա, հընգեր դատավոր, չե՛մ կըրնա, — ասում է Մարությանը՝ կիսով չափ շուռ գալով դեպի նախագահը.— ես կերթամ՝ առանցի ընձի ի՜նչ կուզեք — որոշեցեք… Ես հոժար եմ։
Ու իբր խեղճացած՝ հպատակություն հայտնողի ամենայն պատրաստակամությամբ՝ ծռում է մեջքը ու խոնարհ գլուխ տալիս դատարանին։ Տպավորությունը դահլիճի վրա՝ ծայրահեղ է։ Կալանավորները դոփում են հաճույքից, ծափահարում։ Պարզ է, որ դահլիճի համակրանքը մեղադրյալի կողմն է։ Մարությանն անմիջապես ըմբռնում է այդ և փոխում իր գործելակերպը. նահանջից անցնում է հարձակողականի.
— Ախր էդ դատախազն օր էդպես կխոսա՝ քիչ ա մնըմ սիրտս պատռի… Հերիք չէ՞ մեր միսը կրծեն էդ ինտելիգենտները… Հիմի ռաբոչո՚ւ վլաստ է։
Դահլիճն այնքան է գոհ այս հարձակումից, որ վրնջում է բառացի. ճիչ, աղմուկ, աղաղակ, բուռն

ծափահարություն։

— Բրավո՛, Սերյոժա — լսվեց մի բացագանչություն։ Նայեցի՝ Բաղդասարն էր։