Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/373

Այս էջը սրբագրված է

Դահլիճը կրկին թնդաց ծիծաղից ու բացադանչություններից։ Զվարթ համակրանք արտահայտելով դեպի մեղադրյալը՝ կալանավոր հանդիսականները հեգնեցին ու խոցեցին դատախազին։ Երբ զանդի և ձեռքերով սեղանին խփելոլ օգնությամբ վերջապես խաղաղություն հաստատեց դահլիճում նախագահը, խոսքը տրվեց հասարակական մեղադրողին։

Այստեղ արդեն հարկավոր է ասել, որ ինչպես մեղադրյալների հարցաքննությունից, այնպես էլ

մանավանդ վկաների ցուցմունքներից միանգամայն պարզ էր, որ մեղադրյալները հանցավոր են։ Մի շարք փաստեր կային ապացուցող, որ նրանք բավականին ժամանակ օգտվել են ընդհանուր կաթսայից։ Ավելին՝ դատից մի օր առաջ կամերաներում և միջանցքներում, ինչպես նաև կուլտբաժնում ու գրասենյակում կալանավորները բողոքում էին նրանց դեմ և պահանջում անմիջապես հանել նրանց խոհանոցից։ Մի քանիսը նույնիսկ գրավոր բողոք էին ներկայացրել Ուղղիչ Տան վարչությանը, որը և գործն ուղղել էր ընկերական դատարանին։ Այս բոլորը հայտնի էր ինձ արդեն, ուստի ինձ համար միանգամայն անսպասելի էր, առաջին պահուն համարյա անհասկանալի՝ կալանավորների վերաբերմունքը դեպի դատախազի մեղադրական ճառը։ Բայց ես շուտով գլխի ընկա, որ կալանավորների բացասական, թշնամական վերաբերմունքում դեպի դատախազը՝ էապես խոսում էր այն ընդհանուր ատելությունը, որ ունեին նրանք ընդհանրապես դեպի դատախազները։ Ընկերական դատարանի դատախազը դատախազ էր նրանց աչքին՝ անկախ այն գործից, որի առթիվ