Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/374

Այս էջը սրբագրված է

նա հանդես էր եկել։ Իսկ նրա հանդեպ կերած մեղադրյալը այդ պահուն մեղադրյալ էր սոսկ, ճիշտ այնպես, ինչպես եղել են իրենք «իսկական» դատարանում։ Ինչպես ներկայացման ժամանակ գեներալի դերը խաղացող կալանավորը նրանց աչքին իսկական, կոնկրետ գեներալ էր, որի գլխին իրենք էլ հաճույքով կխփեին — այնպես էլ ընկերական դատարանի դատախազը տվյալ դեպքում ընդհանրապես դատախազ էր, ուրիշ ոչինչ։ Սա դեռ հասկանալի էր և նրանց տեսակետից բացատրելի։ Սակայն ինձ ուղղակի ապշեցրեց կալանավորների նույնպիսի վերաբերմունքը նաև դեպի հասարակական մեղադրողը։ Թվում էր, թե այն բոլոր դիմումներից ու բողոքներից հետո, որ նրանք հայտնում էին մեղադրյալների հասցեին մինչև դատը, Ուղղիչ Տան վարչությանը տված բողոքից հետո, վերջապես ի նկատի ունենալով, որ նրանք դիպել էին իրենց անմիջական, նյութական, կենսական շահերին,— այս ամենից հետո թվում էր, թե նրանք համերաշխ պետք է լինեն գոնե հասարակական մեղադրողին, որ իրենց իսկ շահերից էր խոսում, իրենց իսկ անունից։ Սակայն այդպես չեղավ։ Երբ մոտ 15 րոպե տևող իր ճառով հասարակական մեղադրողն ապացուցեց մեղադրյալների անհանդուրժելի հանցանքն ընկերական կոլեկտիվի հանդեպ և պահանջեց խիստ պատիժ — դահլիճը սառը մնաց և ոչ մի բանով հայտ չբերեց իր համերաշխությունը։ ճիշտ է, սրա խոսելու ժամանակ տեղի չունեցավ ոչ մի անպատեհություն, բայց երբ նա վերջացրեց իր խոսքը՝ պատասխանը լռությունն էր, սառը, զուսպ, անտարբեր լռությունը։