Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/375

Այս էջը սրբագրված է

Այնինչ դրանից հետո երբ խոսեցին պաշտպանները՝ նրանց յուրաքանչյուրի ճառը ծածկվում էր բուռն ծափահարությամբ։ Եվ յուրաքանչյուր ծափահարությունը բուռն համակրանքի ցույց էր պաշտպանների ու մեղադրյալների հասցեին — մի կողմից, իսկ մյուս կողմից՝ ցույց թշնամանքի ու ատելության դեպի մեղադրողները։

Եվ այստեղ ես նոր հասկացա, որ կալանավորների համար մի ընդհանուր շահ կա, որ վեր է բոլոր մնացած շահերից։ Դա — եթե կարելի է այսպես ասել — ազատության, մեղադրանքից ազատ լինելու խնդիրն է։ Կալանավորը երբեք չի մոռանում, որ ինքը կալանավոր է, այսինքն ազատազուրկ. երբ էլ լինի, ինչ պարագաներում էլ լինի նա միշտ զգում է, որ ինքը նախ կալանավոր է և ապա — մարդ, գյուղացի, բանվոր, ինտելիգենտ։ Սա — միակ հանգամանքն է և սրա հետ կապված շահը — միակ ջահը, որ ընդհանուր է բոլոր կալանավորներին, կապում է նրանց իրար և նրանց սոցիալապես խայտաբղետ բազմությունը այս հողի վրա դարձնում կոլեկտիվ։ Այս հանգամանքից դուրս նրանք իրար հետ ոչ մի ընդհանուր կապ չունեցող մարդկանց բազմություն են, սովորական մարդկային բազմություն, որի մեջ շերտավորումը գնում է ընդհանուր օրենքներով ըստ սոցիալական խմբերի, ինչպես դրսի աշխարհում։

«Մի՞թե սրանք ոչ մի հանրային, կոլեկտիվ շահ չե՞ն կարող գիտակցել, միթե անհնարի՞ն է սրանց մեջ հանրային կյանքը»— սկզբի պահին շվարած մտածում էի ես, երբ տեսա նրանց վերաբերմունքը դեպի հասարակական մեղադրողը։ Սակայն ես անտես էի առնում այն հիմնական