Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/376

Այս էջը սրբագրված է

հանգամանքը, որի հանդեպ նսեմանում էին բոլոր մնացած խնդիրները։ Մանավանդ որ, ինչպես ես շուտով նկատեցի, նրանց բացասական, թշնամական, լավագույն դեպքում անտարբեր վերաբերմունքը դեպի հասարակական մեղադրողը ո՛չ թե վերաբերում էր նրա ասածներին ըստ էության, այլ անձամբ նրան, իբրև մեղադրողի, իբրև մեղադրող, դատապարտող կողմի։ Այս բանում ես միանգամայն համոզվեցի, երբ կողմերի վիճաբանությունից հետո դատարանը գնաց խորհրդակցության և վերադառնալով՝ կարդաց դատավճիռը։ Դատարանը որոշել էր չորսին էլ հանել խոհանոցից և անունները դրել սև տախտակի վրա։

Բոլորը գոհ էին։ Եվ երբ, փոխարինողներ չլինելու պատճառով, նրանք մի քանի օր ևս շարունակեցին մնալ խոհանոցում՝ բոլորը պահանջում էին, որ որոշումը ի կատար ածվի, և պահանջում էին ո՛չ թե ընկերական դատարանից, այլ Ուղղիչ Տան վարչությունից:

Չէին սիրում կալանավորները ընկերական դատարանը, ամեն կերպ խուսափում էին նրանից։ Եվ շատ գոհ էին լինում, երբ նրանց որևէ հանցանքը քննում ու որակման էր ենթարկում ոչ թե ընկերական դատարանը, այլ — վարչությունը։ Թերևս այս բանում որոշ դեր էր խաղում և այն, որ վարչության առաջ «խայտառակվելը» հանրային հանգամանք չէր համարվում, այնինչ ընկերական դատարանին ներկայանալը հանրային խայտառակություն էր, որից ամեն կերպ խուսափում էին կալանավորները...