Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/378

Այս էջը սրբագրված է

հերոսություն էր, համարյա մեծագործություն, որ բավականությամբ էր լցնում բոլոր կալանավորների սիրտը։ ճիշտն ասած՝ երբ ես առաջին անգամ տեսա այն մի տասը կալանավորին, որ նայիրյան դանդաղկոտությամբ, առանց սիստեմի ու ռիթմի, փորում էին հողը, ու մյուսներին, որ այդ հողը ցեխ շինած՝ կոխոտում էին բոբիկ ոտներով, որպեսզի աղյուսներ պատրաստեն — ես չհավատացի, որ այդ գործը կարող է գլուխ գալ երբևէ։

Հայտնեցի կասկածս պետին, և նա հեգնական, վերից վար չափող ժպիտը դեմքին՝ պատասխանեց.

— Կգա։ Էն էլ ոն՛ց. երկու ամսից պատերն ու տանիքը պատրաստ կլինեն։

Այդ աշխատանքների ընթացքում իմ ուշադրությունը գրավեց հետևյալ հանգամանքը։— Շենքի կառուցմանը մասնակցող կալանավորների մեջ չկար և ոչ մի մասնագետ՝ եթե չհաշվենք հյուսներին, որ շինեցին դռներն ու պատուհանները և տեխնիկ Նիկոլաևին, որ միայն հատակագիծն էր քաշել ու քաշվել մի կողմ։ Մնացած աշխատավորները տարբեր արհեստների տեր կալանավորներ էին՝ շատերը ռեցիդիվիստ գողեր, սակայն բոլորն էլ շատ շուտ ընտելացան աշխատանքին և հայտ բերեցին բավականին հնարագիտություն։ Երբ ցեխը պատրաստվեց՝ երևան եկան փայտյա աղյուսային կաղապարներ, որոնց մեջ սկսեցին լցնել ցեխը։ Պատրաստողները ռեցիդիվիստներն էին՝ Խուժան-Խաչոն, Վալոն, Աշոտը, Հյուսեինը. դրանցից որևէ մեկը դրսում դժվար թե զբաղված լիներ որևէ աշխատանքով։