Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/380

Այս էջը սրբագրված է

շեշտել է Դոստոևսկին իր հռչակավոր գրքում: Սակայն խնդիրն այն է, որ նախկին բանտերում ու աքսորավայրերում աշխատանքը եղել է պարտադիր ու ծանր, հաճախ հոգնեցնող ու անիմաստ, այնինչ մեր Ուղղիչ Տանը դա սովորական մարդկային աշխատանք էր, որի համար ոչ միայն վարձատրվում էին կալանավորները, այլև նրանց յուրաքանչյուր օրը օր և կես էին հաշվում մի բան, որ կալանավորի համար վեր է ամեն վարձատրությունից։ Այսպես թե այնպես՝ չափազանց հաճելի էր յուրաքանչյուր օր տեսնել դրսի աշխարհից առանձնացված այդ մարդկանց՝ Ուղղիչ Տան բակում աշխատելիս: Աշխատանքով տարված՝ նրանք մոռանում էին իրենց մեկուսացած դրությունը և դառնում զվարթ ու սիրալիր։ Առանձնապես զվարթ մարդիկ էին հյուսները. սպիտակ, չոր փայտի տաշեղներում կորած՝ աշխատանքի ընթացքում ձեռ էին առնում իրար, սրամիտ անեկդոտներ պատմում կալանավորուհիների մասին, առանձնապես հեգնում Անուշին ու Մարգարիտին...

Դրանց մեջ կար մի երիտասարդ շնողցի, գյուղական իգիթի ռոմանտիկ արտաքինով՝ տղամարդու կեցվածք ուներ և երազողի աչքեր։ Անունը դրել էի Իգիթ. միշտ մոտենում էի ու հետը զրուցում գյուղի տղաների ու աղջիկների, զանազան հերոսական ու ռոմանտիկ նյութերի մասին։ Զվարթ տղա էր՝ չնայած թախծոտ աչքերին միշտ՝ սրախոսություններ էր անում և պատմում գյուղական առակներ։ Մի օր էլ ես նկատեցի, որ նա կորցրել է իր զվարթությունը, լրջացել ու տխրել։ Գլուխը սովորականից ավելի էր