Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/381

Այս էջը սրբագրված է

խոնարհել տաշած տախտակի վրա, հայացքը ծածկում էր ինձանից: Կարծեցի տխուր լուրեր է ստացել ընտանիքից, հարցուփորձ արի՝ բան չպատասխանեց։ Ձեռնթափ հեռացա Իգիթից և արդեն խաչ էի դրել մեր բարեկամության վրա, երբ հանկարծ, միանգամայն պատահական կերպով, Իգիթի գաղտնիքը բացվեց, և մենք կրկին դարձանք զվարթ բարեկամներ...

Այդ ժամանակ Ուղղիչ Տուն էին բերել 18 տարեկան մի աղջիկ, որ ձերբակալվել էր գողության համար, սակայն ասում էին, որ փոքր քրոջն էլ է խեղդել, թեկուզ ըստ գործի այդ բանում նա չէր մեղադրվում։ Թուխ դեմքով, բարակ բարձրահասակ մի աղջիկ էր նա, այդ Մանիշակը. կատվի աչքեր ուներ ու նուրբ, մանկական իրան։ Բոլոր ռեցիդիվիստներն անմիջապես սիրահարվեցին վրան և վազ չէին գալիս նրանից իրենց բավականին գռեհիկ հաճոյախոսություններով։ Սակայն չար, աչքաբաց, չնայած տարիքին՝ արդեն «տեսարաններ տեսած» աղջիկմ էր Մանիշակը և հեշտ չէր նրան գրավելը, նույնիսկ եթե ի նկատի չունենանք Ուղղիչ Տան անհարմար պայմանները։ Կանայք ապրում էին, ինչպես գիտենք, գրասենյակի վերևը գտնվող կամերաներում, որոնք միանգամայն առանձնացված էին քրեական կորպուսից։ Միակ տեղը, ուր կանայք կարող էին հանդիպել կալանավորներին՝ գրասենյակի միջանցքն էր։ Եվ ահա մի կիրակի երեկո, ժամը մոտավորապես յոթին, ես տեսա Իգիթին՝ կանգնած այդ միջանցքում, այն դռան մոտ, որը տանում էր դեպի վեր՝ կանանց կամերաները։ Երեսը սափրել էր ու բեխերը ոլորել, ինչպես իսկական