Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/384

Այս էջը սրբագրված է

Վալոն, Խուժան-Խաչոն և մյուսները երբ վերջացրին աղյուսները սկսեցին քարերը տաշել։ Կամ երբ դրսից բերում էին մատերիալը՝ սայլերից տեղափոխում էին շենքի մոտերքը, զատում, դարսում։

Երկու շաբաթ հետո պատերն արդեն այնքան էին բարձրացել, որ այլևս կանգնած անհնարին էր դասել։ Եվ ահա, մի առավոտ երբ բարձրացա՝ տեսնեմ պատի երկայնքով իրարից հինգ քայլ հեռավորությամբ փոսեր են փորում և կանգնեցնում բարձր գերաններ։ Հետո դրանց վրա տախտակներ խփեցին, որոնց մեխեցին, հորիզոնական դիրքով, ուրիշ տախտակներ—ու բարձրացան վրան պատը շարունակելու։ Մենք ևս բարձրացանք այդ տախտակների վրա, բայց ոչ թե աշխատելու, այլ դրանց վրայից դրսի աշխարհին նայելու — թեկուզ այդ «աշխարհը» միմիայն դիմացի զորանոցներն էին, դրանց պատերն ու պատուհանները... Եվ դա մեզ, կալանավորներիս, մեծ հաճույք էր պատճառում… Իսկ երկու շաբաթ անց խփեցին գերանների վրա և երկրորդ հարկի տախտակները — ու այս անգամ այդ տախտակների վրայից մենք արդեն տեսնում էինք ոչ միայն զորանոցների պատերն ու պատուհանները, այլև հեռուն։ Դա արդեն կատարյալ հաճույք էր, համարյա ազատություն…

Արդեն կեսից ավելի բարձրացել էին պատերը, երբ հանկարծ սկսեցին աշնանային անձրևները, և մի քանի օրով աշխատանքը դադարեց։ Համոն ու մյուսներն այդ օրերին մռայլ շրջում էին քրեական կորպուսի միջանցքներում և շուտ-շուտ բակ վազում՝ տեսնելու համար, թե ե՞րբ է փոխվելու