Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/39

Այս էջը հաստատված է

բժշկի համար միանգամայն անսպասելի, իսկ քաղաքացիների համար չափազանց սպասելի կերպով՝ պայթեց բժշկի գլխին աներևակայելի մի դժբախտություն․ բժշկի Լեդայի գեղեցկություն ունեցող մանկահասակ կինը ինքնասպանություն գործեց… երևակայո՞ւմ եք՝ իրենց տան… արտաքնոցում: Մերկ, բոլորովին մերկ, ինչպես ասում են՝ Ադամի (Եվայի) զգեստներով մտել էր արտաքնոցը և ինքնասպանություն էր գործել ոչ թե ատրճանակի, կամ, ինչպես նման դեպքերում ընդունված է, որևէ թույնի օգնությամբ, այլ… շշմեցնող, անհասկանալի բան․ քանդել էր արտաքնոցի հատակի տախտակը և նետել էր իրեն… հասկանո՞ւմ եք, թե ո՞ւր: Այս զարհուրելի, քստմնելի, այլանդակ, անհասկանալի, համարյա դիվային դժբախտությունից հետո բժիշկը ընդմիշտ ձեռք քաշեց իր մարդասիրական տրամադրություններից և սկսեց ակումբում, որտեղ նա դժբախտությունից առաջ միայն «պրաֆերանս» էր խաղում ժամանցի և ջղերի հանգստության համար, — սկսեց դժբախտությունից հետո «բակարա», «մակաո» կամ տեղական «ցխրա» խաղը խաղալ, որով բավականին հանգստացնել կարողացավ իր այնքա՜ն քայքայված ջղերը։ Եվ երբ այդ դեպքից հետո բժշկի կառապանը, որ լիովին վարձատրվում էր հիվանդանոցի կողմից, սկսեց բժշկին տուն հրավիրող պացիենտներից «կառքի փող» վերցնել — հիսունական կոպեկ — ոչ մի քաղաքացի սիրտ չունեցավ բարկանալու կառապանի վրա։ Եվ ինչո՞ւ բարկանար. չափազանց էր մեծ բժշկի գլխին պայթած ընտանեկան դժբախտությունը, որից հետո, հարկավոր է ասել, ո՛չ միայն այդ փոփոխությունն էր,