Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/390

Այս էջը սրբագրված է

քայլ գնացի չորեքթաթ։ Վառեցի լուցկին՝ դեռ շարունակվում էր միջանցքը։ Օդը հեղձուցիչ էր արդեն, սակայն ես մի հինգ քայլ նորից գնացի ու կրկին վառեցի լուցկին։ Դեռ ծայրը չէր երևում։ Շնչել արդեն դժվար էր, խոնավ, հեղձուցիչ օդը քերում էր աչքերս, ուստի ես բարվոք համարեցի վերադառնալ։ Սակայն, համենայն դեպս, խղճի հանգստության համար մի-երկու քայլ ևս առաջ գնացի և այն է՝ ուզում էի վերադառնալ, երբ ձեռքս դիպավ երկաթի, խոնավ երկաթի։ Վառեցի լուցկին, որ համարյա թե չէր լուսավորում օդի պակասության շնորհիվ — և աղոտ լույսի ներքո տեսա... մի զույգ ժանգոտած շղթաներ։ Բանտային ձեռքի շղթաներ՝ կոտրած կողպեքներով։ Վերցրի շղթաները, շուռ եկա և վերադարձա։ Հեռվում քարայրի մուտքի նման երևում էր միջանցքի մուտքը։ Շարժվեցի դեպի այն նույն անմխիթար ձևով — շարժվելու մի ձև, որ բացի ծայր աստիճանի անհարմար լինելը՝ նսեմացնում է մարդուս իր սեփական աչքին, իջեցնում անասունի աստիճանի։

Երբ ես դուրս եկա և մոտեցա Բենժամենին, որ կանգնած դռան մոտ ինձ էր սպասում՝ մենք երկար-երկար նայեցինք միջանցքից հանված շղթաներին և երկար ժամանակ ո՛չ ես էի խոսում, ո՛չ նա։

— Նայես հո՞ւմ կռներին ա եղել...— ասաց վերջապես Բենժամենը և ձեռքը խփեց շղթաներին։— Իմանաս հի՞նքն ա կոտրել֊ քցել, թե հետո՞վ են քցել․․․

Այս հարցին, դժբախտաբար, ո՛չ ել կարող էի պատասխանել, ոչ շղթաները, ուստի նա փոխեց զրույցի ընթացքը։