Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/392

Այս էջը սրբագրված է

— Ինչի՞ համար է վճռված, — հարցրի Համոյին։

— Սարումը տղա է բռնաբարել, հետո քարով սպանել, — պատասխանեց Համոն։ Հենց այդ ժամանակ մեզ մոտեցավ Ռահիմը։

Դա բարձրահասակ, շատ համակրելի դեմքով, մաքուր հագնված մի կալանավոր էր՝ դատապարտված մաքսանենգության համար։ Հարցրի նույն գաճաճի մասին։ Ռահիմն ամոթխած հայացքը շուռ տվեց դեպի պատը ու կամացուկ պատասխանեց․ — Ճի՛շտ է։

— Ո՞նց է եղել։

— Դե սարում չոբան է եղել, հետո մի անգամ բռնել է էդ երեխին՝ բռնաբարել։ Հետո քարով ջնջխել է գլուխը․․․ Երեխան էլ թուրք է եղել,— առանձին մի շեշտով, շեշտակի նայելով դեմքիս՝ հարկ համարեց պարզաբանել Ռահիմը, կարծես դրանով ուզում էր թեթևացնել իմ աչքին գաճաճի զարհուրելի հանցանքը։

— Դա նշանակություն չունի, Ռա՛հիմ, երեխան թուրք է եղել, թե հայ, — ասացի ես, նույնպես շեշտակի, զննող հայացքով նայելով Ռահիմին։ Ռահիմն իր ամոթխած հայացքը հեռացրեց իմինից, ու տիրեց ծանր լռություն։

Իսկ այդ ծանր, ճնշող լռության մեջ հնչում էր գաճաճի սուր, ճղճղացող, կեղծ ձայնը։— Հետագայում ներկայացման ժամանակ իմացա, որ նա խաղում է մոցիքուլ կնոջ դեր․․․

Թուրքական խմբի հետ խաղում էր և մի հայ կալանավոր՝ Միսաք անունով։ Դա գողության համար դատված մոտ 35 տարեկան,