Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/393

Այս էջը սրբագրված է

կիսագյուղացի մի կալանավոր էր, որ Ուղղիչ Տանը հայտնի էր, իբրև անմրցակից սրախոս։ Աշխատում էր Ուղղիչ Տան պահեստում, տնտեսական մասում, քաղաքից մթերքներ էր տեղափոխում, մեկ֊մեկ էլ վերադառնում էր հարբած։ Այդ պատճառով քիչ մնաց զրկվեր աշխատանքից, սակայն շուտով կարողացավ զսպել իրեն և կրկին շահել վարչության վստահությունր։ Չնայած զվարթ բնավորությանը սիրում էր բեմից արտասանել բանաստեղծություններ, բայց անպայման տխուր ու ողբերգական։ Դերեր էլ երբեք չէր վերցնի կոմիկական, սիրում էր հերոսական, կատաղի, ռոմանտիկ֊ պաթոսային դերեր, ինչպես «Նամուսի» հերոսի դերը։

Բացի Միսաքից՝ թուրքական խմբի փորձին մասնակցում էր նաև մի ռուս բարձրահասակ բարակ կալանավորուհի, որ ձերբակալված էր նույնպես միջնորդության համար և իրեն առանձին էր պահում մնացած կալանավորուհիներից՝ Անուշից, Մարգարիտից, Զանեից, Մանիշակից և այլն։ «Արիստոկրատ» էր պահում իրեն և որպես դրա բարձրագույն արտահայտություն՝ ծխում էր բարակ գլանակներ և պուդրա էր գործածում։ Շուտ֊շուտ հիվանդանում էր և օրերով պառկում հիվանդանոցում։ Նրա մասնակցությունը թուրքական ներկայացումին այն էր, որ նա երկրորդ գործողության ընթացքում հարսի անխոս դերը պիտի տաներ և պիտի պարեր «Ուզունդարա» կոչված արևելյան պարը։ Պարի ժամանակ ներկաներից յուրաքանչյուրը պետք է նրան դեպի ինքը քաշեր, որպեսզի մենակ իր հետ պարի, որից և,- պիտի առաջանար կոնֆլիկտը և հարսանիքը